Դուդուկի սիրահարը. Արսեն Պետրոսյանի «Նորամուտ»-ը

10:10 • 12.11.15

Գործիք, որը բոլոր ժամանակներում թե՛ տխրության, թե՛ ուրախության պահերին հայերի կողքին է: Հայկական ծիրանափողը կամ ավելի հայտնի դուդուկ գործիքը հենց այսպես է բնորոշում դուդուկահար Արսեն Պետրոսյանը: Երաժիշտն իր բազմաթիվ դուդուկների մասին սիրով է խոսում և ընդգծում` գործիքը նման է փոքրիկ երեխայի. դուդուկին էլ պետք է հասկանալ, համոզել ու ամենակարևորը` սիրել: «Արմենպրես»-ը ներկայացնում է Արսեն Պետրոսյանի «Նորամուտ»-ը:

 

Երաժշտասեր ընտանիքում եմ ծնվել…
 

Ծնվել եմ 1994 թվականին Չարենցավանում`երաժշտական և երաժշտասեր ընտանիքում: Հորս տատիկի հայրը Ջավախքում դուդուկահար է եղել: Տատիկս ու պապիկս երգել են, տանը ժողովրդական երաժշտություն է հնչել: Սկզբում նվագել եմ շվի: Ֆիզիկապես դժվար է միանգամից դուդուկի անցնելը: Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում դուդուկիս առաջին ուսուցիչը եղել է Գրիգոր Խաչատրյանը:
 

…Սուտ կլինի ասել, որ վեց տարեկանում սիրել եմ դուդուկը և ցանկացել եմ դուդուկահար դառնալ: Նախ անհրաժեշտ է երաժշտությունը սիրել, զգալ: Տարիներ հետո հասկացա, որ հենց սա է իմ ճանապարհը:

 

Դուդուկի մեջ լույս կա
 

Դուդուկը մեծ պատմություն ունի: Այն թե՛ տխրության, թե՛ ուրախության պահերին միշտ հայերի կողքին է եղել: Դուդուկը միայն լացի ու տխրության գործիք չէ. նրա մեջ մեծ լույս, սեր, կյանք կա:

 

Ծնողներս ուսանելու տարիներին շատ են հետևել ինձ: 10 տարեկանում ավելի շատ բակային խաղերով էի տարված, չէի ուզում գնալ դասերի, բայց ծնողներս ստիպում էին, և դա իր արդյունքը տվեց: Դրա համար շնորհակալ եմ նրանց:

 

Փառատոնային, մրցութային հաղթարշավ

 

2009 թվականին Գյումրիում մասնակցեցի «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին, որն առաջին անգամ էր կազմակերպվում: Երաժշտական դպրոցից հայտ էին ներկայացրել: Առաջին կարգի դափնեկիր դարձա: Հետագայում հանրապետական տարբեր մրցույթ-փառատոնների եմ մասնակցել, Սպենդիարյանի անվան պատանի երաժիշտ-կատարողների հանրապետական մրցույթում գրավել եմ երրորդ տեղը: 
 

Համերգային շրջագայություններով հանդես եմ եկել Ռուսաստանի Դաշնությունում, ԱՄՆ-ում, Կանադայում, Հնդկաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում Իսպանիայում և այլ երկրներում` որպես մենակատար և խմբերի հետ:
 

Մասնակցություն «Շանթ» հեռուստաընկերության «Դուդուկի նոր ընտրյալներ» նախագծին

 

2010 թվականին մասնակցեցի նախագծին: Արդյունավետ ծրագիր էր, ցավոք շարունակություն չունեցավ: Այդ տարիքի համար բավականին մեծ փորձ էր, շատ լավ էր: Ամեն շաբաթ նոր գործ էի պատրաստում, եռանդուն աշխատանք էր, բացի այդ հանդիսատեսը ճանաչեց ինձ: Նույն տարում ընդունվեցի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, սովորեցի պրոֆեսոր Գևորգ Դաբաղյանի դուդուկի դասարանում: Կոնսերվատորիան ինձ մեծ գիտելիքներ ու փորձ տվեց:
 

Ջիվան Գասպարյանի հետ հանդիպել եմ…
 

Նաև նրա անվան դուդուկահարների մրցույթին եմ մասնակցել 2011 թվականին, ու զբաղեցրել երրորդ տեղը: Նա շատ մեծ գործ է արել դուդուկի և Հայաստանի համար: Ջիվան Գասպարյանը դուդուկը բարձր մակարդակով ներկայացրել է աշխարհին` միջազգային բեմերում քարոզելով Հայաստանն ու հայկական երաժշտությունը:

 

Նոյեմբերի 24-ին հանրությանը «Չարենցավան» ձայնասկավառակս կներկայացնեմ


CD-ի ձայնագրման առաջարկը ստացել եմ Pomegranate Music Production լեյբլից: Սան Ֆրանցիսկոյից Րաֆֆի Մենեշյանը լեյբլի տնօրենն է: Նա առաջարկեց ձայնասկավառակ ստեղծել, սկսեցինք CD-ի ձայնագրությունները: Ձայնասկավառակում այնպիսի նոր գործեր են ներառված, որ դուդուկով առաջին անգամ են կատարվում: Օրինակ` արխիվային ստեղծագործություններ եմ գտել, դրանք եմ կատարելու: Սա շատ կարևոր է ինձ համար:
 

Մերօրյա կոմպոզիտորներից, օրինակ, Արա Դինքչյանի Lullaby for the Sun ստեղծագործությունն եմ կատարել: Նոյեմբերի վերջին ԱՄՆ-ում է լինելու շնորհանդեսը, դեկտեմբերի վերջին էլ` Հայաստանում: Եվրոպայում և ԱՄՆ-ում վաճառքի է հանվելու:

 

Հայաստանն ու դուդուկը
 

Հայաստանի օդը, ջուրը շատ կարևոր է մանավանդ դուդուկահարի համար: Դուդուկ լավագույնս հենց հայը կարող է նվագել: Ես ինձ լավ և հանգիստ եմ զգում Հայաստանում ստեղծագործելու ու նվագելու առումով: Հայաստանից մեկնելու և հեռանալու ցանկություն չունեմ, բայց արտասահմանում նախագծերի կմասնակցեմ:


 

Դուդուկի սիրահարը. Արսեն Պետրոսյանի «Նորամուտ»-ը