«Քարե դարդ» նոր սիթքոմը շուտով կլինի ATV-ի եթերում

16:19 • 12.11.15
 

ATV հեռուստաընկերությունը շուտով հեռուստադիտողի կներկայացնի հումորային, երիտասարդական, ժամանցային «Քարե դարդ» նոր սիթքոմը։ Դերասանական անձնակազմում ներառված են՝ «Վիտամին» ակումբից Վաչե Թովմասյանը, Արմուշը, ինչպես նաև Ռաֆայել Երանոսյանը, Աննա Մանուչարյանը, Հակոբ Հակոբյանը և մի շարք այլ հեռուստադիտողին արդեն հայտնի դերասաններ։

 

Սցենարի հեղինակներն են «Վիտամին» ակումբի նախկին սցենարիստներ Վան Գրիգորյանը և Գրիգ Գևորգյանը, ռեժիսորն է Վարդան Հակոբյանը։ Սիթքոմի սաունդթրեքը կատարել է երգչուհի Սիլվա Հակոբյանը, որի պրեմիերան նույնպես կլինի շատ շուտով։ Հաղորդումը եթերում կլինի շաբաթական երկու անգամ։

 

 

Գործողությունները զարգանում են սիթքոմի գլխավոր դերակատար Վաչե Թովմասյանի կերպարի շուրջ, ով ժամանակի մեքենայի օգնությամբ 2015 թվականից հայտնվում է քարե դարում, որտեղ ապրում են արդար, անմեղ, միամիտ, ոչ ինտելեկտուալ մարդիկ։

 

 

Սիթքոմում իր կերպարի մասին Tert.am-ին պատմեց Վաչե Թովմասյանը։ Վերջինս ասաց, որ իր կերպարը ապրում է մեր ժամանակներում երևանյան ակտիվ կյանքով և պատահաբար հայտնվում է քարե դարում։

 

 

«Իրադարձությունները ծավալվում են իմ կերպարի շուրջ, ով ապրում է մեր ժամանակներում։ Գլխավոր հերոսը երևանյան կյանքով ապրող մի երիտասարդ է ով շատ խնդիրներ և պարտքեր ունի, որոնցից ազատվելու համար, ընկերոջ ժամանակի մեքենայի օգնությամբ պատահաբար հայտնվում է քարե դարում, որտեղ սկսում է կառուցել իր աշխարհը։ Չեմ ուզում ամբողջական բացել չակերտները, հեռուստադիտողի գնահատականը պետք է որ բարձր լինի։ Այժմ հեռուստաեթերները լի են հումորային ծրագրերով, գուցե այն պատճառով, որ կա պահանջարկ։ Այստեղ լավ թիմ է հավաքված, բոլորս հումորի մարդիկ ենք, կարծում եմ՝ նախագիծը հաջողություն կունենա, քանի որ տարբերվում է իր տեսակով։ Գլխավոր դերակատարը հայտնվում է քարե դարում, որը շատ մեծ դարդ է վերջինիս համար և, հետևաբար, քարե դարը վերափոխեցինք «Քարե դարդի»,- նշեց Վաչեն։

 

Նյութը՝ Լենա Մինասյանի