Հյուրախաղերով Երևան ժամանած լատվիացի դերասանը տպավորված է ծիրանի, թթի օղիով, խորովածի մշակույթով
Հայաստանում է ազգությամբ լատվիացի դերասան Անդրիս Բուլիսը, ով երկու օր շարունակ հայ հանդիսատեսին է ներկայացնելու իր «Թռիչք» անունով մոնոներկայացումը: Ինչպես Tert.am-ի հետ զրույցում պատմեց Անդրիսը, ով, ի դեպ, հայ հանդիսատեսին հայտնի է «Дед 007» ֆիլմից, ինքն առաջին անգամ չէ Հայաստանում, միշտ հաճույքով է գալիս, բայց առաջին անգամ Երևանում բեմ է բարձրանալու, ուստի նյարդայնանում է ներկայացման երևանյան պրեմիերայից առաջ: Բուլիսի մոնոլոգը կներկայացվի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում նոյեմբերի 13-ին և 14-ին:
- Վերջերս «Թռիչք»-ը ներկայացվեց Ռիգայում, Իսրայելում, Սանկտ Պետերբուրգում: Ինչպե՞ս ընդունվեց այնտեղ և ի՞նչ ակնկալիքներ ունեք երևանյան հանդիսատեսից:
- Անկեղծ ասած, պատկերացում չունեմ, թե ինչպես կընդունվի Երևանում: Մոնոլոգի պատմությունը գրվել է Լատվիայում՝ իմանալով լատվիացիներին, լատվիական հումորը: Ուստի դժվար է ասել՝ արդյոք այն կհասկացվի՞ հայերի կողմից: Ամեն դեպքում սա համամարդկային թեմա է, կան դրվագներ առաջին անգամ դպրոց գնալու մասին, առաջին սիրո: Ամեն մեկը տարբեր զգացողություններ է ունեցել այդ ժամանակ, մեկը՝ տառապել է, մյուսը՝ ուրախացել, մեկի մարմնով դող է անցել, բայց յուրաքանչյուրս ունեցել ենք սա, սա մեր մանկությունն է, ինչպե՞ս ապրել: Իսրայել մեկնելուց առաջ, օրինակ, անհանգստացած էի, թե արդյոք մարդիկ կիմանան՝ ինչ է գլադիոլուսը, կիմանան, որ սեպտեմբերի 1-ին մենք բոլորս մեզ հետ դպրոց մի փունջ գլադիոլուս էինք տանում: Ամեն դեպքում հույս ունեմ, որ հայ հանդիսատեսը լավ, դրական, ջերմ զգացողություններով կհեռանա, որովհետև ինքնին ներկայացումը շատ պոզիտիվ է:
- Ընդհանուր առմամբ, ինչի՞ մասին է մոնոլոգը:
- Բոլորիս մասին է: Մենք բոլորս, անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում, ինչ պայմաններում, ինչ ենք ուտում, ինչով ենք շնչում, ունենք ընդհանրություններ: Պարզապես դրանք մեր կողմից ընկալվում են տարբեր կերպ: Երբ ուսուցչուհիս ասում էր՝ Անդրիս, գալու է ժամանակ, որ դու երազելու ես նորից աշակերտ լինելու մասին, ես մտածում էի, որ դա անեծք է, բայց հիմա իսկապես ես կարոտում եմ ժամանակի ազնվությանը, միամտությանը: Հիմա ամեն ինչ կեղծ է, ամեն ինչ դասավորված է, մտածված, չկան անակնկալներ, մենք այլևս առաջվա պես չենք մտածում, դիմակներով ենք ապրում: Եվ ինձ մի հարց է տանջում՝ մեր մեջ մնացե՞լ է այն միամիտ, բնական, փոքրիկ մարդը:
- Ինչպե՞ս եք ընտրում մոնոլոգի թեման: Ձեզ հետաքրքրող ոչ բոլոր թեմաները կարող են հետաքրքրել Ձեր հանդիսատեսին:
- Ես երբեք չեմ սիրել պիեսների մենախոսությունները: Միշտ խուսափել եմ դրանցից: Հետո մի անգամ ստիպված եղա մենախոսություն գրել՝ պիեսներից մեկի համար, ռեժիսորս հավանեց, խնդրեց ևս մի քանիսը գրել, ինչից հետո ես հասկացա, որ ինձ դուր է գալիս գրել այս ոճով: Իսկ թեմաների ընտրությունն իսկապես բարդ է, հատկապես, երբ դրանք ներկայացվելու են նաև օտար հանդիսատեսին: Ես երբեք չգիտեմ, թե ինչ ռեակցիա կունենա հանդիսատեսը, հայը լատվիացի չէ, մենտալիտետը տարբեր է, ես չգիտեմ՝ հայերը մեկնաբանություններ կհնչեցնե՞ն մենախոսության ժամանակ, թե՞ լուռ կնայեն: Ես տեսնում եմ բոլորի դեմքերը՝ չգիտեմ, իրենց մտքերը կարտահայտվե՞ն երեսի վրա, թե՞ ոչ: Սա ռիսկային է: Ամենից կարևորն այն է, որ լինես ազնիվ, որ այն, ինչի մասին խոսում ես, քեզ համար կարևոր լինի:
- Դերասանի առաջ միշտ ընտրություն կա՝ ֆի՞լմ, թե՞ թատրոն: Որտե՞ղ եք ձեզ ավելի հարմարավետ զգում:
- Ներկայացման ժամանակ դու էներգիա ես ստանում, բայց ես, անկեղծ ասած, ֆիլմերում նկարվելն ավելի եմ սիրում: Բեմի վրա պետք է ներդրվես հարյուր տոկոսով, ես չեմ հրաժարվում դրանցից, բայց ֆիլմն ինձ համար մի փոքր այլ տեղ ունի:
- Մոնոլոգի վերջում Դուք հռետորական հարց եք հնչեցնում՝ երջանի՞կ ես… Ի՞նչ է Ձեզ համար երջանկությունը:
- Երբ դու կարողանում ես խոսել այն մասին, ինչ քեզ տանջում է, ինչ մտածում ես, ինչի զգում ես, երբ դու անկեղծ ես ինքդ քո առաջ, բոլորի առաջ: Սա երբեմն ցավոտ է, բայց պետք է ձգտես:
- Որտե՞ղ եք սիրում լինել Հայաստանում: Ի՞նչն է Ձեզ գրավել:
- Փարաջանովի տուն-թանգարանում եմ եղել, շատ տպավորված եմ: Հինգ անգամ այցելել եմ, կամ գուցե ավելի շատ: Տաթևում եմ եղել, Գառնի-Գեղարդում, բնության ուժը շատ մեծ է, չգիտեմ, անընդհատ ձգում է: Միշտ ուզում եմ սեպտեմբերին գալ, երբ մրգերը շատ են, ծիրան եմ սիրում: Հրապարակի երգող շատրվաններն եմ սիրում, ծիրանի, թթի օղին ու խորովածի մշակույթը:










