Հայաստանը ներկայացնող Միկան տպավորիչ ելույթ է ունեցել «Մանկական Եվրատեսիլի» առաջին փորձին (տեսանյութ)

14:57 • 16.11.15

«Մանկական Եվրատեսիլ- 2015» միջազգային երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Միկան (Միքայել Վարոսյան) իր Love երգով հաջող ու տպավորիչ ելույթ է ունեցել առաջին փորձնական համերգի ժամանակ։ Այդ մասին գրում է wiwibloggs.com կայքը` ընդգծելով, որ Հայաստանի ներկայացուցիչն իսկական «շոումեն» է։



«Թե՛ երաժշտական, թե՛ վիզուալ առումներով նրա կատարումը հիանալի էր` սկզբից մինչև վերջ։ Այլ երկրների պատվիրակները պետք է օրինակ վերցնեն»,- նշել է լրագրող Ուիլյամ  Լի Ադամսը, ով նաև «անթերի է» բնութագրել Միկայի բեմական ոճը։


«Բեմի վրա նրան ուղեկցում են 3 պարուհիներ, որոնցից հորդում է էներգիա։ Համարը սկսվում է պարուհիներով, սակայն երբ վայրկյաններ անց բեմում է հայտնվում Միկան, նա գրավում է բոլորին: Ինքնավստահ ու նպատակասլաց մասնակիցն առանց դժվարության մեկը մյուսի հետևից վերցնում է նոտաները: Այս ամենի հետ մեկտեղ նա շատ լավ պարում է, հիանալի շարժվում բեմի վրա, ինչպես նաև կրկնօրինակում լեգենդար «լուսնային քայլվածքը»: Նրա ելույթում նյարդայնության նշույլ անգամ չկա, և տպավորություն է ստեղծվում, թե նա ապրում է դրանով»,-շարունակել է Ադամսը:


Լրագրողի խոսքով՝ հայաստանյան պատվիրակի ելույթը «սիրո ու լույսի մեծ հրավառություն է»։
 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Միկան ելույթ կունենա համերգային երկրորդ հատվածում. մրցութային «LOVE» խորագիրը կրող երգը կհնչի 11-րդ համարի ներքո: Մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Այս տարվա նշանաբանն է #Discover («Բացահայտի՛ր»)։

 

 

Հայաստանը ներկայացնող Միկան տպավորիչ ելույթ է ունեցել «Մանկական Եվրատեսիլի» առաջին փորձին (տեսանյութ)