ԱՄՆ-ում «արվեստասեր» ջրարջերը փորձել են կտավներ «գողանալ» պատկերասրահից (լուսանկար, տեսանյութ)
ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Նյուպորտ քաղաքի պատկերասրահներից մեկն են ներխուժել «արվեստասեր հանցագործներ», որոնք փորձել են պատին փակցված կտավները հանել ու գողանալ։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 4 ջրարջեր ներխուժել են Inscapes Gallery պատկերասրահ, երբ այն փակ է եղել։ Անկոչ հյուրերին ապակյա թափանցիկ պատուհաններից այն կողմ նկատել է պատահական անցորդներից մեկն ու ոստիկանություն կանչել։
Պատկերասրահի տերը՝ Քրիս Թորփը, ով ցուցադրության է հանում տեղի նկարիչների գործերը, պատմել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ ջրարջերը ներխուժում են «արվեստի փոքրիկ աշխարհը»։ Նրա խոսքով՝ ենոտներն ապրում են պատկերասրահի հետևի բլուրներում, բայց թե ինչու են անընդհատ գալիս Inscapes Gallery, իրեն հայտնի չէ։












