Քրիստոնեական կղզի` շրջապատված մուսուլմանական ծովով. Die Welt-ի անդրադարձը Լեռնային Ղարաբաղին
Գերմանական հեղինակավոր Die Welt հանդեսն ուշագրավ հոդվածով անդրադարձել է Լեռնային Ղարաբաղին` այն բնութագրելով որպես «դարեդար փոխանցվող հյուրասիրությամբ ու չքնաղագույն բնությամբ առանձնացող առասպելական մի վայր»:
Ինչպես նշում է golosarmenii.am-ը, հոդվածը պատմում է Die Welt-ի լրագրողներից մեկի` Ղարաբաղ կատարած այցի ամենահիշարժան պահերի և ստացած տպավորությունների մասին:
«Չնայած, որ Լեռնային Ղարաբաղն աշխարհին քիչ հայտնի է, սակայն դա չի խանգարում հազարավոր զբոսաշրջիկների այցելել առասպելական այս վայրն ու վայելել տեղաբնակների հյուրասիրությունն ու գողտրիկ բնությունը:
Դարն ապրած «Վոլգայով» մենք բարձր արագությամբ հասնում ենք հսկիչ անցակետի մոտ: Սահմանապահը պատուհանից դուրս է հանում գլուխը, զննում մեզ ու առաջ թողնում: Մենք շարունակում ենք ճանապարհը աշխարհին քիչ հայտնի այս երկրով, որի սահմանները հատելու համար բոլորին, բացի հայերից, այցագիր է անհրաժեշտ: Մեր հետևում թողնելով կարմիր կտուրներով Գորիսը` հանկարծակի հայտնվում ենք «երկնքից պոկված-ընկած» մի երկրի` Լեռնային Ղարաբաղի «շեմին»: Զարմանալի է, որ շրջակայքում որևէ բան չի հիշեցնում այն մասին, որ ժամանակին այս փոքրիկ հողակտորի վրա արյունալի պատերազմ է ծավալվել: 1994թ. կնքված հրադադարից հետո Լեռնային Ղարաբաղը ինքնիշխանության խորհրդանիշ է դարձել աշխարհով մեկ սփռված հայերի համար»,-գրում է հոդվածագիրը:
Նրա բնութագրմամբ, Լեռնային «Ղարաբաղը մուսուլմանական ծովում քրիստոնեական մի կղզի է, որը մեր մոլորակի ամենաբացառիկ անկյուններից մեկն է»: Այնուհետև հեղինակը ներկայացնում է մի շարք պատմական փաստեր Ղարաբաղյան պատերազմի վերաբերյալ` հիշեցնելով, թե ինչպես է հայկական կողմն Ադրբեջանից ազատագրել Լեռնային Ղարաբաղը:
«Հասնելով Ստեփանակերտ` մենք կանգ առանք ԼՂ անկախության խորհրդանիշի` Պապիկի ու տատիկի հուշարձանի մոտ: Քաղաքը, որտեղ պատերազմից հետք անգամ չի մնացել, խաղաղ է ու Երևանից շատ ավելի մաքուր: Բազմամարդ շուկայում կարելի է գնել ժենգյալով հաց: Այստեղ ականատես ենք լինում հայերի հյուրասիրության ապացույցին. մեզ սուրճ ու փախլավա են մատուցում:
«Հետո տեղացիներից հետաքրքրվում եմ, թե ով է աշխարհի ամենահայտնի հայը: Հնչում են տարբեր պատասխաններ` Հենրիխ Մխիթարյան, Արթուր Աբրահամ, Շեր, Անդրե Աղասի, Արտեմ Միկոյան, իսկ Քիմ Քարդաշյանի անունը տալիս մարդկանց դեմքերին դժգոհության նշաններ են երևում:
Միակ մարդը, ում համաշխարհային համբավը վիճաբանության առիթ չի տալիս` Շառլ Ազնավուրն է»,- եզրափակում է հեղինակը:










