Կան օբյեկտիվ հիմքեր Հայաստանը համարել ահաբեկչության սպառնալիքի առումով ամենաանվտանգը տարածաշրջանում. Թ. Պողոսյան
ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է Ահաբեկչության համաշխարհային ինդեքս 2015-ի համաձայն` ահաբեկչության սպառնալիքի առումով ՀՀ-ի բարենպաստ դիրքերին՝ ի պատասխան հարցի, թե ԻՊ-ի համար Հայաստանը և հայությունը որքանո՞վ կարող է թիրախավորված լինել:
-Ահաբեկչության համաշխարհային ինդեքս 2015-ով Հայաստանը տարածաշրջանի ամենաանվտանգ երկիրն է: Սա ի՞նչ օբյեկտիվ պատճառներ ունի, ինչ նախադրյալներ և որքանո՞վ օբյեկտիվ պատկեր է: Եվ ինչու է, ըստ Ձեզ, Վրաստանում այս առումով վիճակը ավելի վատ:
-Առաջինը. եթե գնահատված է և գնահատված է միջազգայնորեն, ուրեմն՝ օբյեկտիվության որոշակի աստիճան կա:
Եթե նայենք՝ Հայաստանում եղել են ահաբեկչության մի քանի դեպքեր, միգուցե ոմանք կարող են «Հոկտեմբերի 27-ը» դրա շրջանակում ներկայացնել , բայց պետք է հասկանանք, որ այդ գնահատման չափանիշներում կարևոր հիմք է եղել այն, թե արդյո՞ք ունեցել են նմանատիպ դեպքեր, ինչպես օրինակ՝ Փարիզինը, թե ոչ: Բայց եթե խնդրին նայում ենք գլոբալ անվտանգության դիտանկյունից, պետք է գիտակցենք, որ Հայաստանը մի երկիր է, որում պատերազմ է առաջին գծում:
Ինչ վերաբերում է Վրաստանին, այն բազմազգ երկիր է, ունի մի շարք հակամարտություններ, և նաև այն, որ Վրաստանի շատ ու շատ քաղաքացիներ մեկնել են «Իսլամական պետության» համար պատերազմի: Եվ չմոռանանք, որ ԻՊ ղեկավարներից մի քանիսն ունեն Վրաստանի տարածքից ինչ-որ արմատներ: Ադրբեջանից էլ են մեկնում այնտեղ (Սիրիա), այնտեղ էլ կա շիա-սունի առճակատման նման խնդիր: Եվ, բնականաբար, բոլոր վերը նշած գործոններից ելնելով՝ Հայաստանն այսօր ամենաանվտանգն է:
-Այս նախադրյալները երկա՞ր կպահպանվեն:
-Այսինքն` ինչքան կտևի: Կտևի այնքան, որքան մեր համապատասխան մարմինները ճիշտ կաշխատեն, իսկ մեր հասարակությունը կլինի աչալուրջ այնպիսի մանրուքների նկատմամբ, որոնք իրենց կարող են թվալ արտառոց, տարօրինակ:
-Խոսվում է հայկական տարածքներից ռուսական ավիացիային անհրաժեշտ ցատկահարթակ օդանավակայանների կիրառման մասին: Սա վտանգավո՞ր չէ՝ ԻՊ կողմից ավելորդ ուշադրություն գրավելուն առումով:
-Հայաստանի տարածքում գոյություն ունի ռուսական ռազմաբազա, իրենց օդանավներն են այստեղ տեղակայված: Եթե կոնկրետ խնդիրն օգտագործվի նրա համար, որ տանենք համաշխարհային պայքարը համաշխարհային վտանգի և թշնամու դեմ, ապա Հայաստանն այս առումով շատ վաղուց է թիրախավորված` հաշվի առնելով, որ նույն ԻՊ զինյալները բազմաթիվ անգամ են հարձակումներ կատարել նույն Սիրիայում հայկական համայնքի վրա: Այնպես որ մենք թիրախավորված ենք 2011 թվականից: Մենք դրանցից առաջ կորցրեցինք իրաքահայ համայնքը:
Եվ այդ, չմոռանանք, որ մենք Ադրբեջանի հետ պատերազմն առաջին գծում ավարտված չէ, իսկ եթե կան թշնամիներ, որոնք ուզում են մեզ վերացնել, այդ ժամանակ ինչ տարբերություն՝ որ մեկն է թշնամիդ: Դու պետք է տանես քո պատերազմը և քեզ պաշտպանես:
-Իսկ ահաբեկչության սպառնալիքի առումով Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը ինչ հավանականություն ունեն:
-Ահաբեկիչները երբևէ խնդիր չունեն որևէ երկրի հետ կապված: Իրենք այն իրականացնում են այնտեղ, որտեղ զգում են, որ ունեն հնարավորություն: Եթե տվյալ երկրի սահմանները ամուր են, հասարակությունը զգոն, ապա այս հնարավորությունները սահմանափակվում են: Բերեմ անցած տարվա Քարվաճառի դեպքը, երբ ադրբեջանական դեսանտները ներխուժել էին, և Ղարաբաղում` խանութում մի տատիկ, ում հետ խոսել էին, նկատել էր, որ այս մարդկանց մեջ մի բան այն չէ ու տեղեկացրել իրավապահ մարմիններին: Այդպիսի մոտեցումներ պետք է ձևավորվեն և հասարակությունն էլ պետք է լավ պատկերացում ունենա, թե այսօրվա աշխարհի փոփոխություններն ինչպիսին են:










