Բելգիայի դատախազությունը ահաբեկչության մեղադրանք է ներկայացրել ձերբակալվածներից մեկին, 15-ը ազատ են արձակվել

23:12 • 23.11.15

Բրյուսելում դատաքննիչը ահաբեկչության մեղադրանք է ներկայացրել քաղաքում ոստիկանական գործողության ժամանակ ձերբակալվածներից մեկին, մյուս 15-ն ազատ են արձակվել: РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է Բելգիայի դաշնային դատախազության կոմյունիկեում:

«Բրյուսելի` ահաբեկչության հարցերով մասնագիտացած դատական քննիչն այսօր կալանք է սահմանել  կիրակի երեկոյան իրականացված գործողությունների արդյունքում ձերբակալված մեկ մարդու նկատմամբ: Վերջինս մեղադրվում է Փարիզում ահաբեկչությանը  և ահաբեկչական խմբավորման գործունեությանը մասնակցելու համար», - ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ մյուս 15-ին հարցաքննել են, որից հետո ազատ են արձակել:

Հաղորդվում է նաև, որ Բելգիայի իշխանությունները  պահպանել են Բրյուսելի շրջանում ահաբեկչության սպառնալիքի առավելագույն` 4-րդ աստիճանը, որը սահմանված էր նաև հանգստյան օրերին: Այս մասին տեղեկացրել է երկրի վարչապետ Շառլ Միշելը:

Այսօր ավելի վաղ հաղորդվում էր նաև Բելգիայում հակաահաբեկչական գործողության ընթացքում  ևս 5 մարդու ձերբակալության մասին։

Բելգիական լրատվամիջոցները հայտնում են, որ հատուկ գործողությունների արդյունքում  չի հաջողվել ձերբակալել  Փարիզի ահաբեկչությունների գործով գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամին և Սեն Դենիում ահաբեկիչներին օգնող Հասնա Աիթբուլահսենի եղբորը:

 

Բելգիայի դատախազությունը ահաբեկչության մեղադրանք է ներկայացրել ձերբակալվածներից մեկին, 15-ը ազատ են արձակվել