Եվրոպական խորհուրդը Բրյուսելում վտանգի պատճառով չեղյալ է հայտարարել հանդիպումները
Եվրոպական խորհուրդը չեղյալ է հայտարարել երկուշաբթի օրը նշանակված հանդիպումների մեծ մասը, բացի առավել կարևորներից՝ Բելգիայի մայրաքաղաքում պահպանվող ահաբեկչական վտանգի պատճառով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Քաղաքական մարմնի անվտանգության ծառայությունը բարձրացրել է վտանգի ներքին մակարդակը մինչև «նարնջագույն»:
«Վտանգի մակարդակի բարձրացման պատճառով խորհրդի նախագահը գլխավոր քարտուղարության հետ համաձայնությամբ որոշում է կայացրել չեղյալ հայտարարել խորհրդի շենքում վաղը նախատեսված ոչ առաջնային կարևորության հանդիպումների մեծ մասը»,- ասված է կիրակի երեկոյան հրապարակված հայտարարությունում:
Այդ որոշումը չի անդրադառնա Կրթության, երիտասարդության, մշակույթի և գիտության հարցերով խորհրդի, ինչպես նաև Եվրախմբի աշխատանքին և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումներին:
Այժմ Բրյուսելում շարունակվում են գործողությունները՝ կապված քաղաքի վրա իսլամիստ գրոհայինների հարձակման վտանգի հետ: Ոստիկանությունը խնդրել է ԶԼՄ-ներին չհայտնել նման գործողությունների մանրամասները, իսկ տեղի բնակիչներին՝ չգրել սոցցանցերում, օրինակ, ոստիկանության ակտիվության վայրերի մասին։
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի խոսքով՝ լուրջ մտավախություններ կան, որ Փարիզի նման ահաբեկչություններ կարող են իրականացվել նաև Բելգիայի մայրաքաղաքում: Ոստիկանությունը որոնում է մարդկանց, որոնց բելգիական հատուկ ծառայությունները կասկածում են նոր հարձակումների պատրաստման համար։
Երկուշաբթի Բրյուսելում բոլոր դպրոցները, համալսարանները և մետրոն փակ են մնալու: Իշխանությունները քաղաքացիներին խնդրում են դուրս չգալ տնից առանց ծայրահեղ անհրաժեշտության։










