Ֆրանսիական Տուլոն քաղաքում փոխհրաձգության ընթացքում մի հոգի սպանվել է, երկուսը՝ վիրավորվել
Ֆրանսիական Տուլոն քաղաքում երկուշաբթի առավոտյան տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում մաքսային ծառայության սպան սպանվել է, երկու ոստիկան՝ վնասվածքներ ստացել, հաղորդում է РИА Новости-ն:
Փոխհրաձգությունը տեղի է ունեցել գործողության ընթացքում, որը կապված է եղել զենքի անօրինական շրջանառության հետ: Մաքսավորներից մեկն այդ գործողության շրջանակներում մտել է շենք, ինչից հետո սպանվել է։
Տեղի լրատվամիջոցների տվյալներով՝ կրակող տղամարդը ձերբակալվել է:
Ֆրանսիայի տարածքում արտակարգ դրության ռեժիմը սահմանվել է կառավարության որոշմամբ՝ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկով՝ Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչություններից հետո:
Հիշեցնենք, որ Փարիզում ահաբեկչությունների շարք էր տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ էին բացել քաղաքի ռեստորաններից մեկում, երեք պայթյուն գրանցվել էր «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում, որտեղ տեղի էր ունենում Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականների ընկերական հանդիպումը և որին ներկա էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Բացի այդ, «Բատակլան» համերգասրահում ռոք համերգի ընթացքում անհայտ անձինք պատանդ էին վերցրել հանդիսականներին։ Վերջին տվյալներով՝ զոհվել է շուրջ 130 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 300-ը։










