Եվրահանձնաժողովի ղեկավարի նամակը Պուտինին նշանակում է՝ ԵՄ-ն փոշմանել է պատժամիջոցների հարցում. քաղաքագետ
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի առաջարկը Ռուսաստանի Դաշնության Նախագահի Վլադիմիր Պուտինին՝ Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև առևտրային կապերն ամրապնդելու մասին, նշանակում է, որ Եվրամիությունը փոշմանել է ՌԴ-նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հարցում:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը, նշելով. «Սա նշանակում է, որ Եվրամիությունը փոշմանել է իր կողմից սանկցիաների հարցում և որոշել է վերանայել իրենց դիրքորոշումն այս հարցի շուրջ»:
Հիշեցնենք, որ Յունկերին Կրեմլը պատասխանել էր՝ հայտարարելով, որ ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև երկխոսության միտքը վաղուց է ծագել:
Իսկ հարցին, թե ինչու առաջարկը արվում ԵՏՄ-ին, այլ ոչ Ռուսաստանին, քաղաքագետը նկատեց, որ թեև ԵՄ-ն դա անում է ԵՏՄ-ին ուղղված առաջարկի տեքսով, ակնհայտ է, որ այն ուղղված է Ռուսաստանին, քանի որ ԵՏՄ կազմում գտնվող ո՛չ Հայաստանի, ո՛չ Բելառուսի, ո՛չ Ղազախստանի ու Ղրղզստանի հետ Արևմուտքը խնդիր չունի:
«Մոտ ապագայում կարող է տեղի չունենալ, բայց Սինայի թերակղզու վրա ռուսական օդանավը ահաբեկչությունից հետո, վերջին դեպքերը Փարիզում ստիպել են Եվրահանձնաժողովին և Եվրամիությանը՝ վերանայել իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ, և այդ հարաբերությունների վերանայումը տեղի է ունենում ԵՏՄ-ին առաջարկի տեսքով»,–ասաց նա:
Մանավանդ որ, ըստ քաղաքագետի, փոխադարձաբար կիրառվող պատժամիջոցների հարցում վնասը երկուստեք է:
«Որովհետև Ռուսաստանն այն երկրներից է, որը չունի շատ զարգացած տնտեսություն, և այդ իսկ պատճառով ռուսական շուկան ողողված էր ԵՄ արտադրած ապրանքներով։ Եվ երևի թե ԵՄ-ն էլ զգացել է, թե ինչ նշանակում այս շուկայի կորուստը»,-հավելեց քաղաքագետը:
Նա որպես ամփոփում նշեց, որ այս ամենի համատեքստում ընկած է այն, որ Սինայի թերակղզու վրա եգիպտական օդանավի կործանվելուց և Փարիզի ահաբեկչություններից հետո ահաբեկչության դեմ պայքարի հրամայականը մերձեցրել է կողմերի դիրքորոշումները:










