ՄԻԱՎ–ով ախտորոշվելուց հետո 3 ամսվա ընթացքում մարդկանց 10%-ը մահանում է՝ ուշ հետազոտվելու պատճառով. Հովհաննես Մադոյան
Նոյեմբերի 24-ից Երևանում մեկնարկելու է ՄԻԱՎ-ի վերաբերյալ արագ, անանուն և անվճար հետազոտություն, որը տեղի է ունենալու Հյուսիսային պողոտայում, տևելու է 5 օր, լինելու է շարժական ախտորոշիչ լաբորատորիա: Այս մասին «Մեդիա կենտրոնում» հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ նախագահ Հովհաննես Մադոյանը՝ տեղեկացնելով, որ խորհրդատուներին տրամադրել է ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը:
«Մարդիկ հնարավորություն կունենան բարձր որակի խորհրդատվություն անցնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ և ցանկության դեպքում անցնել նաև հետազոտություն, որի պատասխանը կստանան 15-20 րոպեների ընթացքում»,- տեղեկացրեց Հովհաննես Մադոյանը:
Նրա խոսքով՝ նախաձեռնության նպատակներից մեկը հասարակությանը ցույց տալն է, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելը ո՛չ դժվար, ո՛չ էլ վախենալու:
«Եթե մարդիկ նշված ժամանակահատվածում այցելեն միջոցառմանը, կտեսնեն, որ գաղտնիությունն ապահովվում է»,- ասաց Մադոյանը՝ հավելելով. «Ախտորոշումից 3 ամսվա ընթացքում 10%-ը մահանում են, քանի որ շատ ուշ են հետազոտվում, մինչդեռ մեր երկրում դա անվճար է, իսկ դեղերը նույն որակն ունեն ինչ այլ երկրներում»:
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մեթոդիստ Արևիկ Պետրոսյանն էլ ասաց, որ նախաձեռնությունն արդեն 3-րդ տարին է անցկացվում Հայաստանում։
«Աշխարհում մարդկանց 2/3-ը չգիտի իր կարգավիճակի մասին, չիմանալով կարգավիճակի մասին, չի կարողանում ժամանակին բուժման ծառայություններից օգտվել և անգիտակցորեն վարակում է ուրիշներին: Կարևոր է, որ մարդը որքան հնարավոր է շուտ ախտորոշվի»,- ասաց Արևիկ Պետրոսյանը:
Նա նաև նշեց, թե յուրաքանչյուր ոք, ով ունեցել է պատահական սեռական հարաբերություն, կասկածելի մաքրության գործիքներով կատարել է դաջվածքներ, դակումներ, կարևոր է, որ այդ մարդիկ հետազոտվեն, իմանան իրենց կարգավիճակի մասին:
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հոգեբանասոցիալական խորհրդատվության բաժնի վարիչ Մարինե Ասրյանն էլ ներկայացնելով վիճակագրական տվյալներ, ասաց, թե 2015 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցված է ՄԻԱՎ-ի 2194 դեպք, որոնցից 1513-ը տղամարդ են, 681-ը՝ կին:
«Այս դեպքերից 334-ն արձանագրվել է 2014 թվականի ընթացքում, որը առավելագույն է նախորդ տարիների ընթացքում»,- ընդգծեց Մարինե Ասրյանը:










