Ղազախստանի ՆԳՆ-ն հերքել է երկրում հնարավոր ահաբեկչությունների մասին տեղեկատվությունը

10:54 • 23.11.15

Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը հերքել է ավելի վաղ սոցիալական ցանցերում տարածված՝ երկրում սպասվող հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին տեղեկությունը, հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությանը։

 

Գերատեսչության տեղեկություններով՝ WhatsApp բջջային մեսենջերի օգտատերերի և որոշ սոցիալական ցանցերի շրջանում սկսել է տարածվել խոշոր առևտրի կենտրոններում ահաբեկչական գործողությունների հնարավոր իրականացման մասին տեղեկություն՝ ՆԳՆ-ի վկայակոչմամբ։

 

«Ղազախստանի Հանրապետության ՆԳՆ-ն չի հաստատում այդ տեղեկությունը: Հանրապետությունում օպերատիվ իրավիճակը հսկողության տակ է: Կոչ ենք անում քաղաքացիներին չվստահել սոցիալական ցանցերից ստացվող ոչ հավաստի տեղեկություններին, այլ հիմնվել կոմպետենտ պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Նախարարությունում նաև հիշեցրել են, որ սուտ տեղեկատվության տարածումը, որը ստեղծում է հասարակական կարգի խախտման կամ քաղաքացիների ու կազմակերպությունների օրինական շահերին և իրավունքներին զգալի վնաս հասցնելու վտանգ, պատժվում է տուգանքով, ուղղիչ աշխատանքով, մինչև մեկ տարի ազատության սահմանափակմամբ կամ զրկմամբ։

 

Ղազախստանի ՆԳՆ-ն հերքել է երկրում հնարավոր ահաբեկչությունների մասին տեղեկատվությունը