Ռուսական ավիացիան Սիրիայում նավթ տեղափոխող ավելի քան 1000 մեքենա է ոչնչացրել
Ռուսական ավիացիայի ռմբակոծիչները 5 օրում ոչնչացրել են նավթ տեղափոխող մոտ 1000 մեքենա, որոնք պատկանել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, տեղեկացնում է РИА «Новости» գործակալությունը։
«Վերջին 5 օրերին ռուսական ինքնաթիռները մոտ 1000 մեքենա են ոչնչացրել, որոնք անմշակ նավթ էին տեղափոխում ԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից վերահսկվող տարածքներում գտնվող գործարաններ»,- հայտարարել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Բացի այդ, ռուս պաշտոնյան հաղորդել է ահաբեկիչների կարևորագույն նավթային օբյեկտները ոչնչացնելու մասին:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաշվետվություն էր ներկայացրել հանգստյան օրերին Սիրիայի տարածքում ահաբեկիչների դիրքերին հասցրած ավիահարվածների վերաբերյալ։
«Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը 141 մարտական թռիչք են իրականացրել և հարվածներ են հասցրել ահաբեկիչների 472 դիրքերին՝ Հալեպում, Դամասկոսում, Իդլիբում, Լաթաքիայում, Համայում, Հոմսում, Ռաքքայում, Դեյր էզ-Զորում»,-հայտարարել էր գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:










