Սիրիական բանակն ԻՊ-ից երկու քաղաք է ազատագրել. Reuters
Սիրիական բանակը և դաշնակիցները ռուսական ավիացիայի աջակցությամբ հսկողություն են սահմանել սիրիական երկու քաղաքներում՝ երկրի արևմուտքում «Իսլամական պետության» գրոհայինների հետ ծանր մարտերից հետո: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնին։
Սիրիական պետական լրատվամիջոցները նույնպես հաղորդել են, որ բանակը և տեղի մարտիկները հսկողության տակ են առել Մհին և Հավարին քաղաքները, որոնք գտնվում են Հոմսից հարավ-արևելք ընկած հատվածում, և ոչնչացրել են ԻՊ-ի մեծ թվով գրոհայինների։
Այս երկու քաղաքները գտնվում են երկրի արևմուտքում հիմնականում կառավարության հսկողության տակ գտնվող տարածքների հսկողության հարցում կարևոր դեր խաղացող ճանապարհից արևելք: Բացի այդ, Մհինը և Հավարինը գտնվում են ճանապարհների մոտակայքում, որոնք կապում են ԻՊ-ի հսկողության տակ գտնվող Պալմիրա քաղաքն արևմտյան քաղաքներին։
Դիտորդների խոսքերով՝ սիրիական և ռուսական ինքնաթիռները տասնյակ հարվածներ են հասցրել Մհինի և Հավարինի մոտակայքում ընկած տարածքների ուղղությամբ։










