ԱՄՆ-ում ինքնաշեն ժամացույցի համար ձերբակալված անչափահասի ընտանիքը 15 մլն դոլար փոխհատուցում է պահանջում
Տեխասում դպրոց ինքնաշեն ժամացույց բերած և ոստիկանության կողմից ձերբակալված դեռահաս Ահմեդ Մուհամեդի ընտանիքը 15 միլիոն դոլարի չափով փոխհատուցում է պահանջում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
14-ամյա աշակերտը ենթարկվել էր ոստիկանական հարցաքննության և հեռացվել դասերից, քանի որ ուսուցիչը նրա պատրաստած ժամացույցը շփոթել էր ռումբի հետ: Այդ միջադեպից հետո դեռահասի ծնողները որոշել են տղային հանել դպրոցից, քիչ ժամանակ անց հայտնի է դարձել, որ նա ուսումը կշարունակի Քաթարում։
Տղայի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանները հայտարարում են, որ ձերբակալությունը նրան հոգեբանական տրավմա է հասցրել: Նրանք պահանջում են, որ դպրոցը, ինչպես նաև Իրվինգ քաղաքի իշխանությունները ներողություն խնդրեն միջադեպի համար: Փոխհատուցման մեծ մասը, փաստաբանների կարծիքով, պետք է վճարի քաղաքը՝ 10 միլիոն դոլար, իսկ մնացած մասը՝ դպրոցի խորհուրդը:
Տղայի ձերբակալությունը սոցիալական ցանցերում դժգոհության ալիք է առաջացրել, Ահմեդի պաշտպանությամբ են հանդես եկել մի շարք գիտնականներ, քաղաքական գործիչներ և հայտնի մարդիկ, այդ թվում՝ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որն աշակերտին Սպիտակ տուն է հրավիրել։










