Թուրքիան իրավունք ուներ անել հնարավորը՝ անվտանգության ապահովման համար. Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, թե իր երկիրն իրավունք է ունեցել անել անհրաժեշտը՝ անվտանգության ապահովման համար:
Ինչպես տեղեկացնում է Hurriyet թերթի կայքը, այդ մասին Դավութօղլուն հայտարարել է՝ մեկնաբանելով այսօր թուրք-սիրիական սահմանին ռուսական ինքնաթիռի խոցման փաստը:
«Այստեղից ողջ աշխարհի հանրությանը կոչ եմ անում: Եկե՛ք մարենք Սիրիայի հրդեհը: Դրա փոխարեն թուրքմենների, արաբների, քրդերի վրա կրակ թափողը, ով էլ որ դա լինի՝ սիրիական ռեժիմ, ահաբեկիչներ թե դրսից ինչ-որ մեկը, մեր ուղերձը հստակ է: Սիրիայի ժողովուրդն իրավունք ունի խաղաղ ապրելու»,-հայտարարել է Դավութօղլուն:
Հիշեցնենք, որ այսօր թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում կործանվել է ռուսական Սու-24 կործանիչը: Թուրքական կողմի պնդմամբ՝ ինքնաթիռն իրենք են խոցել, քանի որ այն հատել էր Թուրքիայի օդային տարածքը: Ինքնանետված օդաչուների ճակատագիրն անհայտ է:










