Ռուսաստանն Իրանին 5 մլրդ դոլար վարկ կտրամադրի
Ռուսաստանը պատրաստ է Իրանին 5 միլիարդ դոլարի պետական վարկ տրամադրել արդյունաբերական կոոպերացիայի զարգացման համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ Թեհրանում բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է РИА Новости-ն։
Համատեղ համագործակցության համար ընտրվել է 35 նախագիծ էներգետիկայի, շինարարության, ծովային տերմինալների և երկաթուղային գծերի ոլորտում։
Թեհրանում հանդիպման ընթացքում կողմերը նաև մի շարք պայմանագրեր և հուշագրեր են ստորագրել։
Մասնավորապես՝ Ռուսաստանի երկաթգծերը և Իրանական երկաթուղային ընկերությունը պայմանագիր են ստորագրել նախագծման և սարքավորումների մատակարարման մասին:
Ռոհանիի խոսքով՝ ստորագրված փաստաթղթերն ապացուցում են, որ Մոսկվայի և Թեհրանի միջև կապերն «ամրապնդվում են օրեցօր»: Իրանի առաջնորդը նաև հայտարարել է, որ իր երկիրը ձգտում է ընդլայնել համագործակցությունը Ռուսաստանի հետ բանկային և տրանսպորտային ոլորտներում:
Իր հերթին Պուտինը նաև հայտնել է, որ առևտրի ոլորտում Մոսկվան և Թեհրանը մտադիր են ընդլայնել փոխադարձ հաշվարկներն ազգային արժույթներով:










