Որպես գերտերություն՝ ունենք բավական մեծ մեխանիզմներ համարժեք պատասխան տալու Թուրքիային. ռուս քաղաքագետ

18:33 • 24.11.15

Թուրք-սիրիական սահմանին ռուսական ռազմական ինքնաթիռը խոցելու Թուրքիայի քայլը Սիրիայի հարցով Ռուսաստանի քաղաքականությունը չընդունելու հետևանք էր:


Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) վերլուծական կենտրոնի գիտաշխատող, դիվանագետ, պատմաբան և քաղաքագետ Վիկտոր Միզինը՝ անդրադառնալով թուրք-սիրիական սահմանին կործանված ռուսական ավիախմբի կազմում ընդգրկված Սու-24 ռազմական ինքնաթիռի միջադեպին:

 

«Թուրք գործընկերների հետ զրույցներից պարզ էր դառնում, որ իրենք դժգոհում են, թե Ռուսաստանն իբրև բարդացնում է Թուրքիայի հետ հարաբերությունները, որ ինքնաթիռներ է ուղարկում և այլն, և այլն: Ընդհանուր առմամբ՝ թուրքական կողմը մեր քաղաքականության վերաբերյալ առարկություններ ուներ, չնայած, անկեղծ ասեմ, որ Ռուսաստանի համար Թուրքիան առանցքային գործընկեր է, մասնավորապես՝ Արևմուտքի հետ մեր լարված հարաբերությունները բալանսավորելու տեսանկյունից»,- նշեց Վիկտոր Միզինը:

 

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր նաև, որ իրենց վաղուց է հայտնի է այն փաստը, որ Թուրքիա է գնում Սիրիայում ահաբեկիչների կողմից առևանգված նավթը:

 

Այս առնչությամբ քաղաքագետն ասաց, թե նավթը ցիստեռներով էր գնում Թուրքիա ու հենց այս փողերով էր իրականացվում ամեն ինչ: Քաղաքագետը շեշտեց, որ Պուտինի պատասխան-հայտարարությունը բավական կոշտ էր ու տեղին:

 

«Պատասխան կլինի: Իհարկե, ոչ մեկ չի գնդակոծի Թուրքիայի ռազմակայանները, բայց մենք, որպես գերտերություն, ունենք բավական մեծ մեխանիզմներ՝ համարժեք պատասխան տալու: Հիստերիկ պատասխան չի լինի, բայց անպայման կլինի, հատկապես, երբ հաստատվի, որ օդաչուներից մեկը մահացել է»,- ընդգծեց Միզինը՝ շեշտելով, որ իրավիճակը հատկապես բարդանում է Էրդողանի մոսկովյան առաջիկա այցին ընդառաջ:


Միաժամանակ, քաղաքագետն ասաց, թե պետք չէ ողբերգականացնել իրավիճակը, որովհետև բոլորը հասկանում են, որ Ռուսաստանը չի գրոհի:

 

«Նման դեպքերը, եթե անգամ սա դիտարկենք որպես սադրանք, տխուր են, և կարող են սրացնել ռուս-թուրքական հարաբերությունները»,- հավելեց Վիկտոր Միզինը:

 

 

Որպես գերտերություն՝ ունենք բավական մեծ մեխանիզմներ համարժեք պատասխան տալու Թուրքիային. ռուս քաղաքագետ