Քեմերոնը Թուրքիային և Ռուսաստանին ուղիղ հաղորդակցության կոչ է արել

20:58 • 24.11.15

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ռուսական Սու-24 կործանիչի խոցումից հետո կոչ է արել Թուրքիայի և Ռուսաստանի իշխանություններին ուղիղ կապի մեջ մտնել:


Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Sky News-ը, Մեծ Բրիտանիայի կառավարության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղ ուն իր բրիտանացի գործընկերոջ հետ շուրջ 10 րոպե զրուցել է հեռախոսի միջոցով:

 

«Քեմերոնը կոչ է արել Թուրքիայի վարչապետին  համոզվել, որ գոյություն ունի ուղիղ կապ Թուրքիայի և Ռուսաստանի միջև»,- ընդգծել է մամուլի քարտուղարը:

 

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Թուրքիան նամակով տեղեկացրել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին Սու-24-ի կործանման մասին:

 

Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված «երկինք-երկինք» հրթիռով եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա:

 

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի օդային տարածքում ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչի խոցումը թուրքական օդուժի կողմից անվանել է «հարված թիկունքից», որը հասցվել է Ռուսաստանին «ահաբեկիչների հանցակիցների կողմից»:

 

«Այդ իրադարձությունը դուրս է ահաբեկչության հետ սովորական պայքարի շրջանակից: Այսօրվա կորուստը կապված է հարվածի հետ, որը մեր մեջքին հասցրեցին ահաբեկիչների հանցակիցները: Այն ինչ այսօր տեղի է ունեցել, ես չեմ կարող այլ կերպ անվանել», -ասել է Պուտինը Հորդանանի թագավոր Աբդալլահ երկրորդի հետ հանդիպման ժամանակ:

 


 

Քեմերոնը Թուրքիային և Ռուսաստանին ուղիղ հաղորդակցության կոչ է արել