Ռուսական կործանիչի խոցվելու առնչությամբ շուտով հայտարարությամբ հանդես կգան ՆԱՏՕ-ն և Պուտինը

14:28 • 24.11.15

ՆԱՏՕ-ն շուտով հայտարարություն կտարածի Սիրիայում ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի կործանման դեպքի առնչությամբ. այդ մասին РИА Новости գործակալությանը հայտնել են դաշինքից։

 

Ավելի վաղ Կրեմլի աղբյուրը հաղորդել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարություն է նախապատրաստում ռուսական ինքնաթիռի կործանման հետ կապված:

 

Ի դեպ, թեև ռուսական պաշտպանական գերատեսչությունը հայտարարում է, որ օդաչուների ճակատագիրը հայտնի չէ, արաբական լրատվամիջոցներում տարածվել է տեսանյութ, որում, համաձայն պնդումների, երևում են ինքնաթիռից ինքնանետված օդաչուները։ Սակայն չի բացառվում, որ տարածված տեսանյութը հին լինի։

Տեսանյութում լսվում են զինյալների «Ալլահ աքբար» վանկարկությունները:

 

Թուրքական CNN-ի թղթակիցն էլ Twitter-ի իր միկրոբլոգում հայտնում է, որ Սիրիայի տարածքում կործանված ռուսական ինքնաթիռի օդաչուներից մեկը զոհվել է։ Սոցցանցերում տարածվել է տեսանյութ և լուսանկար, որում զինվորական համազգեստով մահացած մարդ է երևում: Դրանց իսկությունը, սակայն, հաստատված չէ։

Ռուսական կործանիչի խոցվելու առնչությամբ շուտով հայտարարությամբ հանդես կգան ՆԱՏՕ-ն և Պուտինը