Թուրք-սիրիական սահմանին ռուսական ռազմական ինքնաթիռի կործանումը պատերազմական գործողություն է, դրան լինելու է պատասխան.Սվյատենկով

14:03 • 24.11.15

 

Ռուսաստանն անպայման պատասխանելու է Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռը հարվածելու համար: Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Պավել Սվյատենկովը՝ անդրադառնալով քիչ առաջ թուրք-սիրիական սահմանին կործանված ռուսական ավիախմբի կազմում ընդգրկված Սու-24 ռազմական ինքնաթիռի միջադեպին:


Քաղաքագետն ասաց, թե պաշտոնապես հաստատվել է վարկածը, որ ինքնաթիռը խոցվել է Թուրքիայի կողմից՝ այսպիսով պատերազմ սկսելու ձեռնոց նետելով Ռուսաստանին: «Եթե Ռուսաստանը չպատասխանի Թուրքիայի այս քայլին, ապա դա կնշանակի, որ Թուրքիան օրինական հնարավորություն ունի հետևել ռուսական ինքնաթիռներին: Սա լուրջ հակամարտություն է, իրավիճակը բավական բարդ է, որովհետև, ըստ էության, սա պատերազմական գործողություն, ագրեսիայի դրսևորում է Ռուսաստանի նկատմամբ»,- նշեց Պավել Սվյատենկովը:


Քաղաքագետը դժվարացավ նշել, թե ինչպիսին կլինի ռուսական կողմի պատասխանը՝ շեշտելով, որ ՌԴ նախագահը պաշտոնական այցով Թեհրանում է ու թուրքական կողմը հենց այդ ընթացքում է խփել ինքնաթիռը՝  հույս ունենալով, որ Վլադիմիր Պուտինը պատշաճ և օպերատիվ արձագանք չի տա:


Այն հարցին, թե ինչու Թուրքիան գնաց այս քայլին, Սվյատենկովը պատասխանեց, որ այս կերպ պաշտոնական Անկարան ցույց տվեց իր անհամաձայնությունը՝ Ռուսաստանի կողմից Բաշար Ասադին սատարելու հարցում: «Թուրքիայի համար իրականում անակնկալ էր, որ Ռուսաստանը հանդես եկավ ոչ թե ընդդեմ Ասադի, այլ՝ պաշտպանեց նրան: Բնական է, որ Թուրքիան պետք է հայտներ իր անհամաձայնությունը ռուսական քաղաքականության վերաբերյալ, բայց սա անցավ բոլոր սահմանները՝ սրացնելով իրավիճակը»,- ընդգծեց Սվյատենկովը:
 

Թուրք-սիրիական սահմանին ռուսական ռազմական ինքնաթիռի կործանումը պատերազմական գործողություն է, դրան լինելու է պատասխան.Սվյատենկով