Ռուսական ռազմական ինքնաթիռի կործանումը կբարդացնի ահաբեկչության դեմ պայքարը. ՄԱԿ
Ռուսական ռազմական ինքնաթիռի կործանումը կարող է դժվարացնել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ահմադ Ֆաուզին:
«Ես տեղյակ եմ, որ ռուսական ինքնաթիռի խոցումը Թուրքիայի կողմից կարող է բարդացնել իրավիճակը»,-ասել է Ֆաուզին:
Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ահաբեկչության դեմ պայքարի բանաձև է ընդունել, սակայն նման պայքարը պետք է տեղի ունենա մարդու իրավունքների բոլոր նորմերի ու օրենքների հիման վրա:
Հիշեցնենք, որ այսօր թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում կործանվել է ռուսական Սու-24 կործանիչը: Թուրքական կողմի պնդմամբ՝ ինքնաթիռն իրենք են խոցել, քանի որ այն հատել էր Թուրքիայի օդային տարածքը: Ինքնանետված օդաչուների ճակատագիրն անհայտ է:










