Եթե ԵԽԽՎ-ում սկզբունքը մանաթն է, շատ վատ է, մեզ դա պետք չէ. Դավիթ Բաբայան

20:15 • 25.11.15

Մենք չենք ուզում, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) վերածվի ադրբեջանական շուկաներից մեկի: Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում երեկ ընդունված թվով երկրորդ հակահայ փաստաթղթին:

 

Հիշեցնենք, որ երեկ ԵԽԽՎ սոցիալական հարցերով հանձնաժողովում ընդունվեց ևս մեկ հակահայ զեկույց՝ այս անգամ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ, որը հայտնի՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և բռնագրավյալ այլ տարածքներում» վերնագրով զեկույցի հետ միասին քննարկվելու է Վեհաժողովի հունվարյան նստաշրջանում:

 

«Սա դառնում է առք ու վաճառքի առարկա և մենք չենք ուզում, որ ԵԽԽՎ-ն վերածվի ադրբեջանական շուկաներից մեկի: Ցավալին այն է, որ ադրբեջանական կոռուպցիոն վիրուսները ներթափանցում են նաև այս կառույց: Քաղաքական, իրավական որևէ նշանակություն ԵԽԽՎ փաստաթղթերը չեն ունենա, պարզապես սա կլինի բարոյական հարված՝ ժողովրդավարությանը»,- նշեց Դավիթ Բաբայանը:

 

Անդրադառնալով կարծիքներին, թե հայկական դիվանագիտությունը իր ձախողումներն արդարացնում է ադրբեջանական խավիարային դիվանագիտությամբ՝ կաշառված համարելով նաև ԵԽԽՎ այն պատվիրակներին, որոնք սկզբունքային են, Դավիթ Բաբայանն արձագանքեց այսպես. «Եթե կան սկզբունքային մարդիկ, պետք է ցուցադրեն իրենց սկզբունքայնությունը: Ո՞ւր է սկզբունքայնությունը: Դրամական խնդիրներ կան: Սկզբունքը դրա՞մն է, եվրո՞ն, թե՞ մանաթը: Եթե մանաթն է, ուրեմն շատ վատ է»: 

 

Հարցին՝ ի՞նչ աշխատանք պետք է տարվի, որ զեկույցները բանաձև չդառնան, Բաբայանն ասաց, թե ամեն ինչ պետք է արվի, բայց «եթե վճռորոշ է դառնում մանաթի դերակատարությունը, ուրեմն սա շուկա է, օբյեկտիվություն որոնել պետք չէ»: 


 

Եթե ԵԽԽՎ-ում սկզբունքը մանաթն է, շատ վատ է, մեզ դա պետք չէ. Դավիթ Բաբայան