Ռուսական բոլոր տուրօպերատորները դադարեցնում են չարտերային չվերթները Թուրքիա

15:41 • 25.11.15

Ռուսական բոլոր տուրօպերատորներն այժմ դադարեցնում են դեպի Թուրքիա չարտերային չվերթներն ու զբոսաշրջային փաթեթների վաճառքը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան, գրում է РИА Новости-ն:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ զբոսաշրջության հարցով դաշնային գործակալությունը` «Ռոստուրիզմը», արգելում է տուրօպերատորներին փաթեթներ վաճառել դեպի Թուրքիա` պայմանավորված ահաբեկչության սպառնալիքով։

 

«Թուրքիայում այնպիսի հանգամանքներ են ստեղծվել, որոնք լրջորեն բարդացնում են ռուս քաղաքացիների պաշտպանությանն ուղղված միջոցառումների կազմակերպումը։ Տվյալ իրավիճակը դասակարգվում է որպես սպառնալիք զբոսաշրջիկների անվտանգությանը», - ասվում է «Ռոստուրիզմի» հաղորդագրության մեջ:

 

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր Թուրքիայում Ռուսաստանի քաղաքացիների համար ահաբեկչության սպառնալիքի առկայության մասին:

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սատարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի և գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի խորհուրդները՝ խուսափել Թուրքիա ուղևորությունից։


«Ինչ արած, նման ողբերգական իրադարձություններից հետո, ինչպիսին է մեր ինքնաթիռի կործանումը և օդաչուի մահը, դա պարտադրված միջոց է, և ԱԳՆ-ն ճիշտ է անում, որ նախազգուշացնում է մեր քաղաքացիներին վտանգի մասին»,- հայտարարել է Պուտինը պետական խորհրդի նիստի ժամանակ։

 

Երեկ ռուսական ռազմական ինքնաթիռ էր խոցվել Սիրիայում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռը խփվել է թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդ» տիպի հրթիռով և ընկել է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից 4 կմ հեռու։ Ռուսաստանի նախագահը տեղի ունեցածը «թիկունքից հարված» էր որակել, որն արվել է հօգուտ ահաբեկիչների։

 

Ռուսական բոլոր տուրօպերատորները դադարեցնում են չարտերային չվերթները Թուրքիա