ԱՄՆ նախագահի թեկնածուն հայտնել է Թուրքիային «պաշտպանելու» պատրաստակամության մասին
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Մարկո Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում հայտնել է, որ պատրաստ է «պաշտպանել» Թուրքիային` Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում, փոխանցում է РИА Новости-ն:
Ռուբիոն խոստովանել է, որ իրեն անհանգստացնում են Թուրքիայի ներքին խնդիրները, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկիրն «ավելի ծայրահեղ ուղղությամբ է տանում» և որ Թուրքիան թույլ է աջակցում «Իսլամական պետության» դեմ պայքարին։ Սակայն, նրա խոսքով, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ԱՄՆ-ն պետք է կանգնի նրա կողքին, հակառակ դեպքում՝ դա հարցականի տակ կդնի դաշինքի արդյունավետությունը:
Այն հարցին` ինչ կանի ԱՄՆ-ն, եթե Ռուսաստանը միջոցներ ձեռնարկի ընդդեմ Թուրքիայի, Ռուբիոն պատասխանել է, որ «պատասխան միջոցների» ընդունման դեպքում անհրաժեշտ կլինի հասկացնել ՌԴ-ին, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է պատասխանել և պաշտպանել Թուրքիային:
Միևնույն ժամանակ, Ռուբիոն հույս է հայտնել, որ իրավիճակը չի վերածվի պատերազմի: Նրա խոսքով` եթե ՆԱՏՕ-ն ցուցադրի Թուրքիային աջակցելու իր պատրաստակամությունը, ապա Ռուսաստանը չի ստուգի «դաշինքի ամրությունը»։










