Ավելի քան 40 մլն աֆրիկացի կարող է անդամագրվել ահաբեկչական խմբավորումների. ՄԱԿ

12:37 • 26.11.15

Տնտեսական դժվարությունների պատճառով Աֆրիկայի հյուսիս-կենտրոնական շրջանից մոտ 41 մլն երիտասարդ կարող է ահաբեկչական խմբավորումների անդամագրողների զոհը դառնալ, գրում է gazeta.ru-ն։

 

Այդ մասին չորեքշաբթի օրը զգուշացրել է Սահել շրջանում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Հիրուտ Գեբրե Սելասիեն։

 

Նա հայտարարել է, որ Բուրկինա-Ֆասոյում, Չադում, Մալիում, Նիգերիայում և Մավրիտանիայում ապրող մինչև 25 տարեկան երիտասարդներն անհուսալի վիճակում են գտնվում՝ կրթության և աշխատանքի հետ կապված խնդիրների պատճառով:

 

«Եթե ոչինչ չարվի կրթության հասանելիության բարելավման, աշխատանքի տեղավորման հնարավորությունների ընդլայնման և երիտասարդության ինտեգրման համար, ապա վախենում եմ՝ Սահելը զանգվածային միգրացիայի կենտրոն կդառնա, ինչպես նաև ահաբեկիչների հավաքագրման և պատրաստման կենտրոն: Ինչպես գիտեք, դա լուրջ հետևանքներ կունենա համաշխարհային անվտանգության համար»,- ասել է Հիրուտ Գեբրե Սելասիեն:

 

Նա նաև դիմել է ՄԱԿ-ին՝ խնդրելով ուժեղացնել զենքի և թմրանյութի շրջանառության նկատմամբ հսկողությունը, որպեսզի Սահել շրջանի երկրները կարողանան հետևել տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների գործունեությանը։

Ավելի քան 40 մլն աֆրիկացի կարող է անդամագրվել ահաբեկչական խմբավորումների. ՄԱԿ