Ռուսական Սու-24-ի վրա հարձակումը պլանավորված է եղել. ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ
Ռուսական Սու-24 կործանիչի խոցման հետ կապված միջադեպը նախապես պլանավորված է եղել։ Այդ մասին հայտարարել է Եվրամիությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում, հայտնում է lenta.ru-ն:
«Դա թուրքական օդային տարածքի խախտում չի եղել։ Այն արագության մեջ, որն ունեն նման ինքնաթիռները, հարևան երկրի տարածքով թռիչքը հաշված վայրկյաններ կզբաղեցներ: Դա շատ ավելի քիչ է, քան պահանջվում է տվյալ դեպքում թուրքական կործանիչների համար, որպեսզի հրամանով պատրաստվեն, թռչեն և կործանեն ռուսական ինքնաթիռը»,- ասել է Չիժովը:
Նրա խոսքով՝ այդ հանգամանքը պարզ ցույց է տալիս, որ «ողջ միջադեպը նախապես պլանավորված է եղել»:
Չիժովը նաև հավելել ,է որ Ռուսաստանը չի պատրաստվում «Թուրքիային պատերազմ հայտարարել», բայց Սիրիայում Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հետագա գործողություններն «ավելի պաշտպանված կլինեն»։ Բացի այդ, ՌԴ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ «թուրքական կողմից այդ սադրանքը բացասաբար կանդրադառնա մեր երկկողմ հարաբերությունների վրա»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին ռուսական ռազմական ինքնաթիռ էր կործանվել Սիրիայում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռը խփվել է թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդ» տիպի հրթիռով և ընկել է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից 4 կմ հեռու։ Ռուսաստանի նախագահը տեղի ունեցածը «թիկունքից հարված» էր որակել, որն արվել է հօգուտ ահաբեկիչների։
Համաձայն թուրքական կողմի պնդումների՝ ռազմական ինքնաթիռը խփելու պահին իրենք չեն իմացել, թե ում է պատկանում այն: Իրենք 10 անգամ կրկնել են նախազգուշացումը, սակայն օդաչուները չեն արձագանքել, ինչից հետո միայն կրակ է բացվել:










