Ֆրանսիացի կատակերգուն դատապարտվել է ազատազրկման՝ հակասեմական հայտարարությունների համար
Բելգիայի Լյեժ քաղաքի դատարանը ֆրանսիացի կատակերգու Դյեդոնե Մբալա Մբալային դատապարտել է 2-ամսյա ազատազրկման և 9.000 եվրո տուգանք նշանակել՝ ատելություն հրահրելու մեղադրանքով:
Դերասանը մեղավոր է ճանաչվել իր խտրական, հակասեմական և Հոլոքոստը հերքող արտահայտություններով ռասիստական գաղափարներ տարածելու համար։ Անձամբ կատակերգուն նիստին չի ներկայացել, նա կարող է բողոքարկել դատարանի որոշումը, գրում է Deutsche Welle-ն։
Մբալայի արտահայտությունը բելգիական Հերսթալ քաղաքում հնչել է 2012-ին, դատավորներն այն համարել են ատելություն հրահրող և հրեաների հանդեպ բռնություն կիրառելու կոչ և նշել, որ, կոչ անելով քրիստոնյաներին և մուսուլմաններին միավորվել՝ հրեաներին սպանելու համար, դերասանը ցեղասպանություն է հրահրել:
Կատակերգուն նախկինում էլ է ենթարկվել քննադատության և դատարանի առջև կանգնել իր հակասեմական և ռասիստական արտահայտությունների համար։










