Օլանդը Մոսկվայում կոչ է արել Պուտինին միանալ ԻՊ-ի դեմ «մեծ կոալիցիային». մանրամասներ` երկու երկրների նախագահների հանդիպումից

22:27 • 26.11.15

Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը այսօր երեկոյան ժամանել է Մոսկվա, Կրեմլում կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը:

Tert.am-ի ամփոփումը` ըստ այդ հանդիպմանը ռուսաստանյան ու արտասահմանյան մամուլի անդրադարձների:  

Այսպես «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն արձանագրում է, որ հանդիպմանը Օլանդը Պուտինին դիմել է` «մոն շեր Վլադիմիր»` «Իմ բարեկամ Վլադիմիր»: Պուտինը, BBC-ի փոխանցմամբ, ընդգծված պաշտոնական է եղել Օլանդի հետ` նրան դիմել է «Դուք»-ով:

Նախ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը սգում է Փարիզի ահաբեկչության զոհերի համար:

Reuters-ի հաղորդմամբ՝ Օլանդը  կոչ է արել Պուտինին միանալ «Իսլամական պետության» դեմ պայքարի կոալիցիային։ Նրա խոսքով՝ այդ նպատակի համար գերտերությունները պետք է «մեծ կոալիցիա» կազմեն։

Associated Press-ի փոխանցմամբ` Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ֆրանսիայի հետ սերտ համագործակցությանը` ահաբեկչության դեմ պայքարում:  

«Վեդոմոստին», մեջբերելով Պուտինին, նշում է. «Ահաբեկչությունները միավորում են Ռուսաստանին ու Ֆրանսիային` համընդհանուր չարիքի դեմ պայքարում»:  

«Կոմերսանտ»-ը նույն հանդիպման առիթով փոխանցում է հակաահաբեկչական դաշինք ստեղծելու հարցում Օլանդի ջանքերի բարձր գնահատանքը Պուտինի կողմից:    

Սոցցանցերում էլ արձանագրել են, որ Օլանդը Պուտինի հետ հանդիպումից հետևյալ լուսանկարն է հրապարակել Instagram-ում` նշելով, որ Կրեմլում է:


 

 

Օլանդը Մոսկվայում կոչ է արել Պուտինին միանալ ԻՊ-ի դեմ «մեծ կոալիցիային». մանրամասներ` երկու երկրների նախագահների հանդիպումից