Քերին զսպվածության կոչ է արել Մոսկվային և Անկարային

09:42 • 26.11.15

AFP/OZAN KOSE

 

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կոչ է արել Ռուսաստանին և Թուրքիային երկխոսություն սկսել Սիրիայում ռուսական Սու-24 կործանիչի կործանումից հետո, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով ամերիկյան գերատեսչության մամուլի ծառայությանը։

 

Ինչպես հաղորդում է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում Քերին կոչ է արել Մոսկվային և Անկարային թույլ չտալ ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով երկու երկրների հարաբերությունների սրում։

 

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնում է, որ Լավրովը զրույցի ընթացքում «հայտնել է Սիրիայում մարտական ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման մասին ռուս-ամերիկյան հուշագրի կոպիտ խախտման մասին»։ Այդ հուշագրում ԱՄՆ-ն «պարտականություն է ստանձնել ապահովել իր գլխավորած կոալիցիայի բոլոր մասնակիցների, այդ թվում՝ Թուրքիայի կողմից համապատասխան կանոնները հետևելու պատասխանատվությունը»:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել չորս ֆիզիկական անձանց և վեց ընկերությունների նկատմամբ՝ Բաշար ալ-Ասադի ռեժիմին աջակցելու և սիրիական կառավարության ու «Իսլամական պետություն» խմբավորման միջև նավթային գործարքների իրականացման հարցում օգնության համար:

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին ռուսական ռազմական ինքնաթիռ էր կործանվել Սիրիայում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռը խփվել է թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդ» տիպի հրթիռով և ընկել է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից 4 կմ հեռու։ Ռուսաստանի նախագահը տեղի ունեցածը «թիկունքից հարված» էր որակել, որն արվել է հօգուտ ահաբեկիչների։ 

 

Քերին զսպվածության կոչ է արել Մոսկվային և Անկարային