Փարիզի ահաբեկչությունների 2 կասկածյալի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

11:22 • 26.11.15

Լուսանկարում Սալահ Աբդեսլամն է

 

Փարիզի ահաբեկչությունների գործով գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։ Նրա հետ միասին հետախուզվում է ոմն Մուհամեդ Աբրինի, ում տեսել են Աբդեսլամի հետ Փարիզ տանող ճանապարհին։ Նրանց հետախուզման քարտերը տեղադրվել են Ինտերպոլի տվյալների բազայում, գրում է lenta.ru-ն։

 

Ֆրանսիայի խնդրանքով երկու կասկածյալների նկատմամբ այսպես կոչված՝ «կարմիր շրջաբերական» է ներկայացվել: Դա նշանակում է Ինտերպոլի կազմում գտնվող ցանկացած երկրի տարածքում անվերապահ ձերբակալում և հետախուզումը նախաձեռնած երկրին արտահանձնում։

 

Կասկածյալները մեղադրվում են մի քանի հոդվածներով՝ ահաբեկչական խմբավորմանը մասնակցություն, պայթուցիկ նյութերի պահպանում և տեղափոխում, զենքի վաճառք:

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ են բացել քաղաքի ռեստորաններից մեկում, երեք պայթյուն գրանցվել է «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում, որտեղ տեղի էր ունենում Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականների ընկերական հանդիպումը և որին ներկա էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Բացի այդ, «Բատակլան» համերգասրահում ռոք համերգի ընթացքում ահաբեկչության հետևանքով զոհվել է շուրջ 130 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 300-ը։

 

 

Փարիզի ահաբեկչությունների 2 կասկածյալի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել