Դա ահաբեկչական գործողություն էր՝ ուղղված մեր ԶՈՒ-ի դեմ. ՌԴ փոխվարչապետը Սու-24-ի վրա հարձակման մասին

15:19 • 26.11.15

Ռուսական Սու-24 ինքնաթիռի վրա հարձակումն ահաբեկչական գործողություն էր՝ ուղղված Ռուսաստանի զինված ուժերի դեմ, Սիրիայում օրինական կերպով գործողության մասնակցող ինքնաթիռի դեմ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմի հետ հանդիպման ժամանակ, գրում է РИА Новости-ն:

 

Ռոգոզինը նշել է նաև, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների հսկողության տակ գտնվող նավթի մատակարարումներից Թուրքիա ստացվող եկամուտները կուտակվում են նրանց հաշիվներին, ովքեր պատասխանատու են ռուսական Սու-24 կործանիչի ոչնչացման համար:

 

Պաշտոնյան ընդգծել է, որ ՌԴ-ն «պատահականությունների չի հավատում»:

 

«Մենք այստեղ Թուրքիայի ուղղակի շահագրգռվածությունն ենք տեսնում Սիրիայի զգալի տարածքների, մասնավորապես՝ նավթով հարուստ տարածքների նկատմամբ «Իսլամական պետության» հսկողության հաստատումից հետո ստեղծված ստատուս-քվոյի պահպանման հարցում։ Եվ մենք փաստացիորեն տեսնում ենք, որ Սիրիայից Թուրքիա նավթամթերքի մատակարարումները կրում են արդյունաբերական ծավալ, դա միլիարդավոր դոլարներ են, որոնք կուտակվում են նրանց կոնկրետ հաշիվներին, ովքեր հրահանգել են ոչնչացնել մեր ինքնաթիռը»,- նշել է Ռոգոզինը:

 

Ռուսաստանի փոխվարչապետի խոսքով՝ «վերջին օրերը ցույց են տվել՝ ով ում կողմից է այս հակամարտությունում, ով է միայն հայտարարում, որ մասնակցում է «Իսլամական պետության» դեմ պայքարին, իսկ ով՝ նրա ուղղակի հովանավորը, որը խրախուսում է նրա ահաբեկչական գործունեությունը»։

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին ռուսական ռազմական ինքնաթիռ էր կործանվել Սիրիայում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռը խփվել է թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդ» տիպի հրթիռով և ընկել է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից 4 կմ հեռու։ Ռուսաստանի նախագահը տեղի ունեցածը «թիկունքից հարված» էր որակել, որն արվել է հօգուտ ահաբեկիչների։

Դա ահաբեկչական գործողություն էր՝ ուղղված մեր ԶՈՒ-ի դեմ. ՌԴ փոխվարչապետը Սու-24-ի վրա հարձակման մասին