Տասնյակ միջոցներ կան Թուրքիային պատժելու. ՀՀ-ն պետք է պատրաստ լինի զարգացումներին.Վ. Շիրխանյան

19:05 • 26.11.15

Ռուսաստանը միանշանակ կգնա Թուրքիային պատժելու գործողությունների, իսկ դրա համար տասնյակ միջոցներ կան. այս համոզման է նախկին ՊՆ փոխնախարար Վահան Շիրխանյանը: 
 

«Իհարկե, տասնյակ միջոցներ կան, և պատերազմ սկսելն ամենաառաջինը չէ: Այն որ Թուրքիան պատժվելու է, կասկած չկա, և որ ռուս-թուրքական հարաբերությունները վաղ թե ուշ սրվելու էին, դրանում էլ կասկած չկար:  Այստեղ ամենակարևոր խնդիրն այն է, թե ՀՀ-ն ինչքանով է պատրաստ լինելու նման զարգացումներին»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա: 


Շիրխանյանը շեշտեց, թե, իհարկե, ռուս-թուրքական պատերազմ սկսելը քիչ հավանական է, սակայն եթե այն լինի  անխուսափելի, ապա բացվում է նոր շանս, և Հայաստանը դրան պետք է պատրաստ լինի: «Միգուցե դա պատմական շանս է, և Հայաստանը պատրաստ պետք է լինի: Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է,  և եթե դրա անհրաժեշտությունը լինի, ինքը պարտավոր է կատարել այն՝ որպես ռազմավարական  դաշնակից»,-ասաց նա:

Թե ինչու Ռուսաստանի Պետդուման հենց հիմա միայն հիշեց օրինագիծ առաջարկել` Հայոց ցեղասպանության չընդունման համար Թուրքիայի պատասխանատվության մասին, Վահան Շիրխանյանը պատասխանեց, թե դա մտնում է գործողությունների ընդհանուր շարքի մեջ և  չի կարելի եզրակացնել, որ դա ՀՀ-ին զարգացումների մեջ ներգրավելու փորձ է: 


Իսկ թե արդյո՞ք ՌԴ-ն համարժեք է գործում իր ռազմավարական դաշնակիցների նկատմամբ, ինչպես օրինակ, երբ հոկտեմբերի տասին թուրքական ուղղաթիռը հատել էր Հայաստանի օդային տարածքը, ինչո՞ւ հայ-թուրքական սահմանը հսկող ռուսական սահմանապահ զորքերը ՀՀ ռազմաօդային ուժերի հետ միասին քար լռություն պահեցին՝ նույնիսկ չպահանջեցին գործի դնել հակաօդային պաշտպանության համակարգը, նախկին ՊՆ փոխնախարարը նշեց, թե, իհարկե, իր համոզմամբ  այն ժամանակ Հայաստանը պետք է այդ ուղղաթիռները խփեր, որոնք հատել են սահմանագիծը:
 

«Իհարկե  օդային տարածքի խախտում է երկու դեպքում էլ, բայց, ըստ էության, դրանք տարբեր իրավիճակներ են: Ռուս-թուրքականի դեպքում ՌԴ-ն մղում է պատերազմ տեռորիզմի դեմ, և  այդ պատերազմում Թուրքիան խոցել է ռուսական ինքնաթիռն այն ժամանակ, երբ նա ոչնչացնում էր ահաբեկիչներին: Տարբերությունը շատ մեծ է»,-ասաց նա։


Իսկ թե, ըստ նրա, Թուրքիան ինքնագլուխ է խոցել ռուսական օդուժը, Վահան Շիրխանյանը  նշեց, որ տրամաբանորեն կարելի է ենթադրել, որ դրանում մաս ունի նաև ՆԱՏՕ-ն, բայց, ըստ նրա, հաշվի առնելով Էրդողանի քաղաքականությունը, կարելի է ենթադրել, որ դա արել է իր որոշմամբ: «Էրդողանն անհավասարակշիռ մարդ է և կարող է ինքնուրույն որոշում ընդունի, չնայած դեպքից հետո և՛ ՆԱՏՕ-ն, և՛ ԱՄՆ-ն, փորձում են նրան պաշտպանել: Դա էլ այնքան կարևոր չէ, գիտենք, որ ՌԴ-ԱՄՆ-ՆԱՏՕ հակամարտությունը կա, որը գնալով սրվում է, և զարմանալի չէր լինի, որ ՆԱՏՕ-ի թույլտվությամբ լիներ: Մեզ համար կարևորը պատրաստ լինելն է »,-ասաց նա:


Վահան Շիրխանյանը վստահ է, որ չնայած նման քայլերին՝ Սիրիայի հետ կապված ՌԴ-ն հասցնելու է մինչև վերջ իր առաքելությունը, հիմնավորվելու է այնտեղ, և Թուրքիան ոչ մի կարողություն չունի դրան խանգարելու:  


«Լարվածությունը թուլացնելու ոչ մի հնարավորություն չկա, խաղաղության, համագործակցության ալիքի վրա դուրս գալու հավանականությունն անցել է: Թուրքիայում էլ միշտ եղել են տեռորիստներ սնողներ ու պահողներ, և, բնականաբար, զարգացումները շարունակվելու են»,-եզրափակեց  նա Շիրխանյանը։
 

Տասնյակ միջոցներ կան Թուրքիային պատժելու. ՀՀ-ն պետք է պատրաստ լինի զարգացումներին.Վ. Շիրխանյան