«Արևելյան գործընկերության» երկրների ԱԳ նախարարների հանդիպումը կանցկացվի Թբիլիսիում
«Արևելյան գործընկերություն» նախագծի անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական վեցերորդ հանդիպումը ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանի և արտաքին գործունեության եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդտի մասնակցությամբ կկայանա հինգշաբթի օրը Թբիլիսիում: Այդ մասին հայտնել է Վրաստանի արտգործնախարարությունը, գրում է РИА Новости-ն:
«Հիմնական շեշտը հանդիպման ժամանակ կդրվի Ռիգայի գագաթաժողովում որոշված առաջնահերթությունների իրականացման գործընթացների և եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման արդյունքում համագործակցության խորացման հեռանկարների վրա»,- ասված է հայտարարության մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ հանդիպումը կկենտրոնանա ոչ միայն քաղաքական օրակարգի, այլև առողջապահության հարցերի վրա, ինչի առնչությամբ Թբիլիսի կժամանի նաև առողջապահության հարցերով եվրահանձնակատար Վիտյանիս Անդրյուկայտիսը:










