Թբիլիսին ԻՊ-ից նախազգուշացում ստանալուց հետո խստացրել է վերահսկողությունը. Независимая газета-ի անդրադարձը
Վերջին տասն օրերին 479 օտարերկրացու մուտքը Վրաստան արգելվել է, սահմանն ապօրինի հատելու փորձի ընթացքում ձերբակալվել է 31 օտարերկրացի և Վրաստանի մի քաղաքացի՝ Դավիդ Բորչաշվիլին, որը վերադարձել էր Սիրիայի պատերազմից, գրում է Независимая газета-ն:
Այդպես են Վրաստանի իշխանություններն արձագանքել «Իսլամական պետություն» խմբավորման ներկայացուցիչների սպառնալիքներին։ Վրաստանից արտագաղթած զինյալները խոստացել էին հայրենիքում «դժոխք սարքել»:
Թբիլիսին խստացրել է հսկողությունը պետական սահմանի բոլոր անցակետերում:
Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին, ներկայացնելով տվյալները, ընդգծել է, որ կանոնները խստացվել են՝ նաև Փարիզի ահաբեկչություններով պայմանավորված (տեղի էին ունեցել նոյեմբերի 13-ին- Խմբ.):
Սակայն ամենից ավելի դա արվել է օրերս համացանցում տեղադրված տեսաուղերձի պատճառով, որում մի խումբ երիտասարդներ՝ Վրաստանի քաղաքացիներ, սպառնում են ապակայունացնել երկիրն ու «վերականգնել արդարությունը վիրավորված հազարավոր մուսուլմանների համար»: Նրանք սպառնում են երկրի տարածքում խալիֆայություն ստեղծել։
Նման սպառնալիքներ Թբիլիսին ստանում է ոչ առաջին անգամ: Որոշ ժամանակ առաջ դրանք պարբերաբար հնչեցվում էին ԻՊ-ի հայտնի զինյալ Ումար ալ-Շիշանիի կողմից, որը Վրաստանում առավել հայտնի է որպես Թարհան Բատիրաշվիլի։ Նա Պանկիսի կիրճից է, որը Վրաստանի այն երեք շրջաններից մեկն է, որի բնակիչները համալրում են ԻՊ-ի շարքերը: Մյուս շրջանն Աջարիան է, որտեղ ավանդաբար շատ են մուսուլմանները, իսկ երրորդը Քվեմո- Քարթլին է, որտեղ հիմնականում բնակվում է Վրաստանի ադրբեջանական համայնքը:
Վրացի ԻՊ-ականների սպառնալիքի տարածումը համացանցում համընկել է Բորչաշվիլիի ձերբակալության հետ: Պատահական էր դա, թե ոչ՝ դեռ հայտնի չէ:
Վրացի լրագրողներին հաջողվել է գտնել տարածված տեսանյութում երևացող ԻՊ-ականներից երկուսի ծնողներին:
Հանրությանը ներկայացված կադրերում դրանք սովորական քրիստոնյաներ են՝ խուլ գյուղերից, որոնք ամբողջ կյանքում հող են մշակել և իրոք չեն հասկանում, թե ինչում են ներքաշվել իրենց որդիները, և անկեղծորեն հավատում են, որ իրենց որդիներն աշխատում են Թուրքիայում։
Իլիա Գոբաձեն հայտնել է, որ Վրաստանի բնակիչները վախենալու ոչինչ չունեն: «Ի՞նչ կարող են անել չորս երիտասարդներ՝ ընդդեմ բանակի ու ոստիկանության»: Հասկանալի են հայրական զգացմունքները։ Սակայն անգամ մեկ պայթյունը բավական է հարյուրավոր մարդկանց կյանքեր խլելու համար: Գուցե և ավելի, գրում է աղբյուրը։










