ԻՊ-ի դեմ պայքարի համար անհրաժեշտ են ցամաքային ուժեր. Ֆրանսիայի ԱԳՆ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ են ոչ միայն ավիահարվածներ, այլև ցամաքային ուժեր, այդ խնդիրը կարող են լուծել Սիրիական ազատ բանակը, քրդերը և Սիրիայի կառավարական զորքը։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը:
«Մենք չենք ցանկանում մեր զորքերն ուղարկել, դա անարդյունավետ կլիներ: Այդ խնդիրը կարող են լուծել Սիրիական ազատ բանակը, քրդերը և ինչու ոչ՝ սիրիական ռեժիմի զորքերը»,- ասել է Ֆաբիուսը RMC ռադիոկայանի եթերում:
Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այցելել է Մոսկվա, որտեղ բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Մոսկվան և Փարիզը պայմանավորվել են, որ համատեղ կպայքարեն ընդհանուր սպառնալիքների դեմ և կոչ են արել գործընկերներին ուժեղացնել համակարգումը Սիրիայում «Իսլամական պետությանը» հակազդեցության հարցում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում հայտարարել է, որ Սիրիայում ահաբեկիչների դեմ հաջողությամբ պայքարելն անհնար է առանց ցամաքային գործողությունների, որը կարող է ապահովել միայն Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի զորքը։










