Անկարան հատել է թույլատրելիի սահմանը. Լավրով
Մոսկվան կարծում է, որ Անկարան հատել է թույլատրելիի սահմանը, ինչը կարող է Թուրքիային դժվար իրադրության մեջ դնել, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Մենք կարծում ենք, որ թուրքական ղեկավարությունը հատել է թույլատրելիի սահմանն ու Թուրքիային կարող է ծանր իրադրության մեջ դնել՝ ազգային շահերի տեսանկյունից»,-ասել է Լավրովը՝ Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմի հետ հանդիպումն սկսելուց առաջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին ռուսական ռազմական ինքնաթիռ էր կործանվել Սիրիայում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռը խփվել է թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդ» տիպի հրթիռով և ընկել է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից 4 կմ հեռու։ Ռուսաստանի նախագահը տեղի ունեցածը «թիկունքից հարված» էր որակել, որն արվել է հօգուտ ահաբեկիչների։
Համաձայն թուրքական կողմի պնդումների՝ ռազմական ինքնաթիռը խփելու պահին իրենք չեն իմացել, թե ում է պատկանում այն: Իրենք 10 անգամ կրկնել են նախազգուշացումը, սակայն օդաչուները չեն արձագանքել, ինչից հետո միայն կրակ է բացվել:










