Կայացավ «Հայէկոնոմբանկի» աջակցությամբ հրատարակված՝ Ալին Օհանեսյանի «Օրհանի ժառանգությունը» վեպի շնորհանդեսը
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում «Հայէկոնոմբանկի» հովանավորությամբ և աջակցությամբ տեղի ունեցավ ամերիկահայ գրող Ալին Օհանեսյանի «Օրհանի ժառանգությունը» (Orhan’s Inheritance) վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը՝ Հայոց ցեղասպանության թեմայով:
Գիրքը Amazom առցանց խանութում ճանաչվել է ապրիլ ամսվա լավագույն գիրքը, նաև լավագույնն է ճանաչվել գրավաճառների անկախ ընկերակցության կողմից: «Օրհանի ժառանգությունը» վեպը մեկ ընտանիքի տարբեր սերունդներին հետապնդող մութ անցյալի, աննկարագրելի սարսափների, կրքոտ սիրո ու բազմաթիվ զրկանքներից հետո վերապրելու մասին է:
Գրականագետ Հակոբ Մովսեսը ներկայացրեց վեպը և շեշտեց, որ վերնագրում արդեն երկու իրողություն կա, մեկն այն, որ Օրհան ասելով արդեն գիտենք, որ թուրք է, և ժառանգությունը՝ երկու էթնոսների՝ հայերի ու թուրքերի թողած ժառանգության մասին է:
«Հիմնական թեման երկրի վրա, այս կյանքում ինչ-որ մի երկնային քավարանի միջոցով անցնելու և այդ մեղքը գիտակցելու, ապրելու, խոստովանելու, զղջալու, թոթափելու թեման է»,-ասաց նա և նշեց, թե հուսով է՝ գիրքը արժանի ընթերցողը կգտնի:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ դեռևս գիրքը չի կարդացել և երբ հրավեր է ստացել, զարմացել է, որ համաշխարհային մամուլի կողմից բազմիցս անդրադարձած գիրքն արդեն հայերեն թարգմանություն ունի:
«Արդեն հասկացել էինք, որ գիրքը բեստսելեր էր, որն արագ թարգմանվեց։ Հնարավորություն ունենք «Հայէկոնոմբանկի» և նախաձեռնողների շնորհիվ ունենալ այս գիրքը: Գիրքը հետաքրքրական է՝ հաշվի առնելով՝ ով է հրատարակել, ով է թարգմանել և ով է այս գիրքն այսօր ներկայացնում»,-ասաց նա:
Հակոբ Մովսեսն իր հերթին նշեց, որ շեշտեց, որ ուրախ է, որ մշակույթի կողքին լինելու ավանդույթը մեռած չէ մեզանում և կարևորեց բանկի աջակցությունը:
«Պետության պաթոսներից մեկն այն է, թե պետության մեջ գտնվող ինտելեկտուալ կապիտալն ինչ գունավորում ունի։ Փառք Աստծո՝ մեզանում կան մարդիկ, որ գիտակցում են մշակույթը»,-ասաց նա՝ խոսքը տալով «Հայէկոնոմբանկի» վարչության նախագահ Արմեն Նալջյանին:
Բանկի վարչության նախագահը նշեց, թե բանկը երբևիցե չի դադարել իր հովանավորչական գործունեությունը մշակույթի ոլորտում, հատկապես Ցեղասպանության թեմայի կայացմանը և աջակցմանը: «Մեր ծրագրերը շարունակվելու ենք, և ուզում եմ մեր շնորհակալությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցից են նման նախաձեռնություններին»,-ասաց նա:
Ի դեպ, գրքի հեղինակը ևս տեսաուղերձ ուներ, ով նշեց, թե անչափ ուրախ է, որ իր գիրքը թարգմանվել է հայերեն լեզվով:













