Իմ պաշտպանյալը չէր կարող նման հանցագործություն կատարել. փաստաբանը՝ Նորք-Մարաշում վնասազերծված խմբի ղեկավարի մասին

14:41 • 27.11.15

Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի անդամներից մեկի՝ Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, Արթուր Վարդանյանին երկու հոդվածով մեղադրանք է առաջադրվել, երկուսն էլ իր պաշտպանյալը չի ընդունում:
 

«Նախաքննություն է ընթանում, քննություն կնշանակվի և ամեն ինչ պարզ կլինի»,-ասաց Լևոն Բաղդասարյանը՝ հավելելով, թե այլ մանրամասներ չի կարող հաղորդել:


Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության, 1981 թվականին ծնված, 1997 թվականից  Իսպանիայի Թագավորությունում բնակվող և 2015 թվականի ապրիլից Երևան քաղաքում ժամանակավոր բնակություն հաստատած՝ ՀՀ քաղաքացի Արթուր Վալերիկի Վարդանյանը, ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, 2015 թվականի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն` դրանում հավաքագրելով հիմնականում չաշխատող ՀՀ 19 քաղաքացիների: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: 


Փաստաբանն ասաց, թե իր պաշտպանյալի մասին կարող է ասել, որ նա կրթություն է ստացել Եվրոպայում, ամուսնացած է, ունի 3 անչափահաս երեխա, հայրը եղել է հետախույզ, Արցախյան ազատամարտի մասնակից, որտեղ և զոհվել է:


«Նման ընտանիքի որդին, որ իր լուման է ունեցել նաև Քեսաբի ազատագրման գործում, բնականաբար, այդ կարգի անձնավորությունը չէր կարող նման հոդվածով հանցագործություն կատարել»,-ասաց Լևոն Բաղդասարյանը:
 

Իմ պաշտպանյալը չէր կարող նման հանցագործություն կատարել. փաստաբանը՝ Նորք-Մարաշում վնասազերծված խմբի ղեկավարի մասին