Սիրիայում թուրքական ավտոշարասյունը մարդասիրական չէր. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը մարդասիրական ավտոշարասյուն չեն ռմբակոծել, որի ոչնչացման մասին նախօրեին հայտնել էին թուրքական ԶԼՄ-ները և սիրիացի ընդդիմադիրները։
Ավտոշարասյունը, ինչպես պնդում են ակտիվիստները, օգնություն էր տրամադրում փախստականներին սիրիական Ազազ քաղաքում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Օդային հարվածների հետևանքով, թուրքական «Մարդու իրավունքների և ազատությունների և մարդասիրական օգնության հիմնադրամ» ոչ կառավարական կազմակերպության տվյալներով, մի քանի բեռնատար է ոչնչացվել և, տարբեր տեղեկություններով, մահացել է 7-10 մարդ, հիմնականում՝ վարորդներ:
Կազմակերպությունը Facebook-ի իր էջում տեղադրել է այրված մեքենաների լուսանկարներ:
Ինչպես հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, այդ լուսանկարներում և տեսանյութերում բացակայում են ռազմամթերքի պայթյունից հետքերն ու մնացորդները:
«Խորհուրդ է տրվում հաջորդ անգամ Հալեպի հյուսիսում գործող գրոհայինների համար ռազմամթերքով բեռնատարների ավտոշարասյունը չներկայացնել իբրև «մարդասիրական օգնություն»»,- հայտարարել է նա:
Կոնաշենկովի խոսքով՝ թուրքական կողմն այդ շրջան մարդասիրական ավտոշարասյան ուղղվելու մասին չի հայտնել, իսկ ավտոշարասյունը նշագրված չի եղել համապատասխան կերպով:










