Էրդողանը ծիծաղելի կերպով փորձում է հերքել այն, ինչն ակնհայտ է. Սերժ Թանկյանը Թուրքիայի՝ ԻՊ-ի հետ կապերի մասին

10:24 • 27.11.15

Հանրահայտ System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ռուսական Սու-24 ռազմական օդանավի խոցման պատճառով ռուս-թուրքական հարաբերություներում առաջացած ճգնաժամին։

 

Աշխարհահռչակ երաժիշտը մասնավորապես անդրադարձել է Al Jazeera կայքի հրապարակած այն նյութին, որում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակադարձում է պաշտոնական Մոսկվայի հնչեցրած մեղադրանքին ու պնդում, թե իբր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ոչ թե իրենք, այլ Սիրիայի իշխանություններն են հովանավորում։

 

Թանկյանի բնորոշմամբ` Էրդողանն անչափ պաթետիկ ու ծիծաղելի կերպով է փորձում հերքել այն, ինչն ակնհայտ փաստ է։

 

Այնուհետև երաժիշտը հրապարակել է հեգնական բնույթի մի գրառում` իբր Էրդողանի անունից, որն ունի հետևյալ բովանդակությունը.

«Իմ որդի Բիլալը ներգրավված չէ ԻՊ-ի հետ նավթի ապօրինի վաճառքի հարցերում: ԻՊ-ի հրամանատարները չեն սրճում Ստամբուլի սրճարաններում ու բուժում չեն ստանում մեր հիվանդանոցներում, և ոչ էլ մեր զինվորականները նրանց մահացու վտանգավոր զինամթերքներ են մատակարարում: Իրականում մենք չենք կարող ասել նրանց և մեր ժողովրդի միջև եղած տարբերությունը` բացառությամբ, իհարկե, միայն քրդերի ու հայերի։ Սուլթան Էրդողան»:

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին թուրքական օդուժը կործանել է ռուսական Սու-24 ռազմական օդանավը` պնդելով, որ այն հատել է թուրքական սահմանը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս քայլն ընդունել է որպես «հարված թիկունքից» և ափսոսանք հայտնել ռուս-թուրքական հարաբերությունների նմանօրինակ զարգացման համար։
 

Էրդողանը ծիծաղելի կերպով փորձում է հերքել այն, ինչն ակնհայտ է. Սերժ Թանկյանը Թուրքիայի՝ ԻՊ-ի հետ կապերի մասին