Ռուսաստանը հրաժարվել է Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններից
Ռուսաստանը թուրքական օդուժի կողմից խփված Սու-24 կործանիչի հետ կապված միջադեպի պատճառով անորոշ ժամանակով դադարեցրել է մասնակցությունը BLACKSEAFOR օպերատիվ փոխգործակցության սևծովյան ռազմածովային խմբի վարժանքներին։
Այդ մասին հաղորդել է Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Կոմոեդովը, որն ավելի վաղ ղեկավարել է Սևծովյան նավատորմը:
Թուրքիայից, Կոմոեդովի խոսքով, հետ է կանչվել ռուսական ռազմածովային նավատորմի ներկայացուցիչը, որը զբաղվում էր թուրքական ռազմածովային նավատորմի ու Սևծովյան նավատորմի գործողությունների համակարգմամբ։
«Համաձայն ՌԴ պաշտպանության նախարարության որոշման՝ ՌԴ-ն դադարեցրել է ռազմական գծով շփումը Թուրքիայի հետ՝ դադարեցնելով Սևծովյան նավատորմի մասնակցությունը BLACKSEAFOR-ի զորավարժություններին»,-ասել է Կոմոեդովը:
Ռուսաստանը Թուրքիայի նախաձեռնությամբ ստեղծված Օպերատիվ փոխգործակցության սևծովյան ռազմածովային խմբի աշխատանքներին մասնակցում է 2001 թվականից։ Բացի ՌԴ-ից և Թուրքիայից՝ BLACKSEAFOR-ի խմբում ներառված են Բուլղարիան, Ռումինիան, Ուկրաինան և Վրաստանը:










