Որտեղ հումորն է, այնտեղ էլ ճշմարտությունն է. Էլդար Ռյազանովի լավագույն մտքերը
Մոսկվայի հիվանդանոցներից մեկում նոյեմբերի 30-ին 88 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային կինոյի լեգենդ, տաղանդաշատ կինոռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էլդար Ռյազանովը։ Նա այնպիսի ֆիլմերի հեղինակ է, ինչպես «Ծերունի ավազակները», «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում», «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ», «Ծառայողական սիրավեպ», «Կայարան երկուսի համար» և շատ այլ ֆիլմեր:
Ռյազանովի մահվան կապակցությամբ Esquire ամսագրի ռուսական տարբերակի խմբագրությունն ուշագրավ անդրադարձ է կատարել հանգուցյալ արվեստագետին` ներկայացնելով նրա կյանքի կանոններն ու ուշագրավ մտքերից մի քանիսը.
Ես շատերի հետ եմ հարցազրույց վարել` Բելմոնդոյի, Կլոդ Լելյուշի, Ֆիլիպ Նուարեի, Ալբերտո Սորդիի, բայց միայն Ֆելինիի մոտ գնալուց եմ մտածել. «Գնում եմ արքայի մոտ»: Նույնպիսի զգացողություն եմ ունեցել 1968 կամ 1969թ., երբ մեքենայովս «Մոսֆիլմից» տուն էի տանում Սոլժենիցինին: Զգում էի, որ մեքենայիս մեջ անգին «բան» կա:
Միայն հիմարներն են մտածում այն մասին, թե ինչպես իրենց մատուցեն: Սա այն գլխավոր բանն է, որը ես սովորել եմ Էյզենշտեյնից:
Ես չեմ հասկանում ներկայիս քաղաքական իրավիճակը: Չեմ հասկանում` ինչ երկրում եմ ապրում, ինչ քաղաքական կառուցվածք ունի այն: Չեմ հասկանում, թե ինչու է Խոդորկովսկին ճաղերի հետևում, իսկ մյուս օլիգարխները` ազատության մեջ: Ես մի բան եմ հասկանում, ռուսաց լեզվից զատ մեզ ոչինչ չի միավորում: Այսօր ես ապրում եմ ոչ թե երկրում, այլ իմ տարածքի վրա։
Որտեղ հումորն է, այնտեղ էլ ճշմարտությունն է:
Կարդալով ռուսական ֆոլկլորը` հասկանում ես, որ ռուսները միշտ էլ ցանկացել են միանգամից շատ ու ամեն ինչ ստանալ` միևնույն ժամանակ չաշխատել: Ցավոք, ռուսական հեքիաթները հանդիսանում են հենց ազգային գաղափարախոսության հիմքը: Դրա հետևանքով ձևավորված մենթալիտետը, մեղմ ասած, համակրանք չի առաջացնում:
Ամենաբարդ, բայց միևնույն ժամանակ ամենահետաքրքիր ու վեհանձն գործը լավ ու բարի մարդկանց մասին երգիծական ֆիլմեր նկարելն է: Այս բնագավառում աշխատելու համար հարկավոր է այնպես սիրել մարդկանց, ինչպես քչերն են կարողանում։ Մեր կինոյում այս ժանրում ինձնից ու Էմիլ Բրագինսկուց բացի ոչ ոք չի աշխատել: Չապլինն էլ էր նույնն անում, բայց մեզնից շատ ավելի լավ:
Այն, ինչ ինձ հուզում էր 50-ական, 60-ական, 70-ական և 80-ական թվականներին, հուզում էր նաև մարդկանց մեծ մասին: Բայց հիմա ինձ նման մարդիկ գնալով քչանում են: Ֆելինին 80-ականներին ասում էր. «Իմ հանդիսատեսն արդեն մահացել է»: Եվ դա սարսափելի ճշմարտություն է:










