Թեհրանում համերգը չեղյալ են հայտարարել կին երաժիշտների պատճառով
Հայտնի իրանցի կոմպոզիտոր և Թեհրանի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Ալի Ռահբարին հայտնել է, որ Թեհրանում նախատեսված համերգը չեղյալ է հայտարարվել՝ նվագախմբում կին երաժիշտների առկայության պատճառով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ելույթը պետք է կայանար ռեսլինգի համաշխարհային ակումբային առաջնության ժամանակ, բայց չեղյալ է հայտարարվել սկսվելուց 15 րոպե առաջ։
«Աթոռներն արդեն դրված էին, և ամեն ինչ պատրաստ էր: Սակայն հանկարծ ազգային հիմնը կատարելուց առաջ նրանք հայտարարեցին, որ բեմի վրա չեն կարող կանայք լինել»,-«Ֆրանս պրես» գործակալության հետ զրույցում ասել է Ռահբարին։
Դիրիժորի խոսքով՝ նա ի պատասխան ասել է, որ առանց կին երաժիշտների ելույթը հնարավոր չէ: Դիրիժորը չի հստակեցրել, թե ով է հրահանգել կանանց թույլ չտալ բեմ բարձրանալ։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, Իրանում 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո կանանց արգելել են սոլո կատարումներով հանդես գալ:
Սակայն առաջին անգամ է, որ չեղյալ է հայտարարվել սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ դրա կազմում կանանց առկայության պատճառով:










