Հայկազ Բարսեղյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանի բացակայության պատճառով
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատական նիստը դեռ չսկսված հետաձգվեց, քանի որ դատարան չէր ներկայացել ամբաստանյալներից Վարազդատ Սաֆարյանը, ինչպես նաև նրա պաշտպան Ա. Շահբազյանը:
Նշենք, որ Վարազդատ Սաֆարյանի նկատմամբ դատարանը խափանման միջոց էր ընտրել ստորագրությամբ ազատ արձակումը, և նա շարունակում է զինվորական ծառայությունը: Նրա բացակայության պատճառով նախորդ դատական նիստը ևս հետաձգվել էր:
Ինչպես նիստին նշեց դատավոր Դավիթ Հարությունյանը, պատշաճ կերպով ծանուցում է ուղարկվել զորամասի հրամանատարությանը, սակայն իրենք այս պահին տեղեկություն չունեն՝ հրամանատարությունը, ի վերջո, ծանուցվել է, թե՝ ոչ:
Այս առիթով դատավորը նշեց, որ իրենք տեղեկություն ունեն, որ նախորդ նիստի մասին զորամասի հրամանատարությունը ծանուցված եղել է:
Հիշեցնենք նաև, որ Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդվածները ծեծի է ենթարկել Մանասերյանին, բացի այդ, 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:
Նշենք նաև դատական նիստին չէր ներկայացել նաև մեղադրյալ Նորիկ Սահակյանի պաշտպան Հովիկ Արսենյանը՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով:
«Նա տեղեկացրել էր, որ այսօր նույն ժամին մեկ այլ դատարանում ընթացողին գործին պետք է ներկա լինի, սակայն դատարանի աշխատակազմը պարզել է, որ դատական նիստը տեղի չի ունեցել, ինչի մասին վերջինս տեղյակ է եղել, սակայն չի ներկայացել այս դատական նիստին: Հաջորդ դատական նիստին պետք է քննարկվի փաստաբաններ Շահբազյանի ու Սահակյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հարցը, ինչպես նաև նրանց բացակայությունները հարգելի կամ ոչ հարգելի լինելու հանգամանքը»,- ասաց նա:
Նշենք, որ նիստին ներկա չէր նաև տուժողի իրավահաջորդը: Նրա ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանը դատարանին տեղեկացրեց, որ ինքն է հորդորել չգալ՝ հոգեբանական խնդիրներ ունենալու պատճառով:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը վաղ առավոտյան հայտնաբերվել էր մարզահրապարակում` պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Նրա սպանության մեջ մեղադրվում է 4 զինծառայող՝ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանություն:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին՝ ժամը 13-ին:










