Սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը բողոք-դիմում է ուղարկել ՀՀ Նախագահին՝ մեղադրյալների սպառնալիքների վերաբերյալ
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ այսօր ընթանում էր Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի նախկին կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործը, դատավոր Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ տուժողի իրավահաջորդ Արկադի Բարսեղյանը դիմում-բողոք է ներկայացրել ՀՀ Նախագահին՝ նշելով, որ իրենց սպառնում են մեղադրյալները:
Դատարանը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանին հորդորեց հաջորդ դատական նիստին մանրամասներ ներկայացնել բողոքի վերաբերյալ, և թե ինչ սպառնալիքներ են եղել տուժողի իրավահաջորդի նկատմամբ:
Լրագրողների հետ զրույցում փաստաբան Գարիկ Գալիկյանը նշեց, որ ինքը բողոքի բովանդակությունից այս պահին տեղյակ չէ, անգամ տեղյակ չի եղել, որ բողոք է ուղարկվել ՀՀ Նախագահին:
«Ես դատարանում հենց պարտավորվեցի ճշտել ու պատասխանել հաջորդ նիստին: Կարծում եմ, որ Արկադի Բարսեղյանը հաջորդ դատական նիստին կլինի և կներկայացնի մանրամասները»,- ասաց նա:
Իսկ թե որոնք են լինելու փաստաբանի անելիքները, եթե պարզվի, թե ինչ սպառնալիքներ են հնչել, Գարիկ Գալիկյանն ասաց, որ միանշանակ քայլեր են ձեռնարկվելու: «Կդիմենք համապատասխան պատկան մարմիններին ու կդիմենք դատարան»,- ասաց նա:










