Խոհարարական տեխնիկումի ուսանողից մինչև Էստրադային թատրոնի ղեկավար. Գենադի Խազանովը նշում է 70-ամյակը (լուսանկարներ)
Էստրադային արտիստ, դերասան, հաղորդավար Գենադի Խազանովն այսօր նշում է ծննդյան 70-ամյակը։
Գենադի Խազանովը ծնվել է 1945թ. դեկտեմբերի 1-ին։ Դպրոցն ավարտելուց հետո 1962-ին փորձել է ընդունվել մոսկովյան թատերական բուհեր, սակայն չի ստացվել։ Հետագայում դարձել է Մոսկվայի ինժեներաշինարարական ինստիտուտի ուսանող, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
1975-ին հեռուստատեսությամբ ցուցադրվել է «Խոհարարական տեխնիկումի ուսանողը» մինիատյուրան նրա կատարմամբ, որից հետո էլ նա հայտնիություն է ձեռք բերել։ 1978-ին բեմադրվել է Խազանովի առաջին մոնոներկայացումը` «Կյանքի մանրուքներ», այնուհետև հաջորդել են այլ բեմականացումներ:
Խազանովը հնչյունավորել է մուլտֆիլմեր, որոնցից ամենահայտնին Կեշա թութակի ձայնի հնչյունավորումն է: Նկարահանվել է նաև «Երալաշ» հումորային հաղորդման մեջ։
1977-ից Խազանովը ղեկավարում է Մոսկվայի պետական էստրադային թատրոնը:























