Ֆրանսիայի վարչապետը չի բացառել արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման հնարավորությունը
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը չի բացառել Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման հնարավորությունը, որը սահմանվել էր Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչություններից հետո, հայտնում է Europe1-ը։
Նրա խոսքով՝ առկա սպառնալիքի պայմաններում դեռ չի կարելի բացառել նման ռեժիմի երկարաձգման հնարավորությունը։
«Մենք գտնվում ենք արտակարգ դրության ռեժիմի մեջ, և կշարունակենք ֆրանսիացիների պաշտպանությանն ուղղված ջանքեր ներդնել»,- ասել է նա։
Երկրում արտակարգ դրության ռեժիմի սահմանումից ի վեր ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել 124 ձերբակալված անձի։
Հիշեցնենք, որ Փարիզում նոյեմբերի 13-ին մի շարք վայրերում իրականացված ահաբեկչությունների հետևանքով շուրջ 130 մարդ է զոհվել, այդ թվում՝ հայազգի Լոլա Ուզունյանը։










