Բլյուզը երաժշտություն է, որը մարդու սրտից է գալիս, ոչ թե գլխից. Բեն Փուլի (տեսանյութ)

13:37 • 02.12.15

 

Դեկտեմբերի 3-ին, ժամը 21:00-ին Մեցցո երաժշտական ակումբում և դեկտեմբերի չորսին՝ ժամը 21:30-ին KAMI երաժշտական ակումբում կկայանան Ben Poole & Band խմբի համերգները, որոնք նախաձեռնել է «Եվրոպական բլյուզ կրուիզ»-ի կազմակերպիչներից՝ Voyages Byblos ճամփորդային ընկերությունը՝ Բլյուզի հայկական ասոցիացիայի աջակցությամբ: Այս մասին մամուլի ասուլիսին հայտնեց բրիտանացի բլյուզ-ռոք երաժիշտ Բեն Փուլին:
 

Նա նշեց, որ բլյուզ երաժշտության մեջ դժվար է դասակարգում անել, քանի որ դա այն երաժշտությունն է, որ մարդու հոգուց է գալիս և որևէ արկղի մեջ դնել և փակելը դժվար կլինի:


«Բլյուզը շատ երկրային, շատ օրգանական, շատ մարդամոտ երաժշտություն է: Մտքեր չկան այստեղ, բլյուզը երաժշտություն է, որը մարդու սրտից է գալիս, ոչ թե գլխից»,-ասաց նա և նշեց, որ Հայաստանում առաջին անգամ է գալիս՝ Բլյուզի հայկական ասոցիացիայի նախագահ Վահան Դանիելյանի շնորհիվ։
 

Երաժիշտը նշեց, որ իր կարիերայի այս փուլում փորձում է հիմնականում նվագել իր սեփական երաժշտությունը, քանի որ այդ ձևով որպես կատարող կարող է իր երկարակեցությունն ապահովել:


«Սակայն ամեն անգամ, երբ որ ես cover-ներ եմ նվագում, ես չեմ փորձում դա կատարել այնպես, ինչպես կատարել են ինձնից առաջ, ես փորձում եմ իմ մեկնաբանությունը տալ այդ երաժշտությանը, հակառակ դեպքում իմաստ չի լինում անել այն, ինչ քեզանից առաջ նույն ձևով արել են»,-ասաց նա:
 

Բլյուզի հայկական ասոցացայի նախագահ Վահան Դանիելյանն ասաց, որ համերգներին նախատեսված է, որ հայ երաժիշտեր ևս կմիանան իրեն և համատեղ կատարում կլինի, սակայն չցանկացավ բացահայտել մանրամասները:
 

Նա նշեց, որ ասոցիացիայի նպատակներից է բլյուզի սիրահարներին և երաժիշտներին երկուստեք հնարավորություն ընձեռել ծանոթանալու միմյանց հետ:


«Ես կցանկանայի, որ Հայաստանը լինի բլյուզ երաժշտական քարտեզում»,-ասաց նա:
 

Նշենք, որ վերջում Բեն Փուլին լրագրողներին նվիրեց իր կատարումը:

 

 

 

 

Բլյուզը երաժշտություն է, որը մարդու սրտից է գալիս, ոչ թե գլխից. Բեն Փուլի (տեսանյութ)